Համաժողով կանցկացվի, կքննարկվի Արցախի մշակութային ժառանգության պահպանման հարցը. Խզմալյան

Առաջիկայում մշակույթի ոլորտի ներկայացուցիչների հետ նախատեսվում է այց կատարել Արցախ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի - Sputnik. Ապրիլի 18-ին՝ Հուշարձանների պահպանության միջազգային օրը, նախատեսվում է համաժողով, որի շրջանակում կքննարկվեն նաև Արցախում պատմամշակութային ժառանգության պահպանմանը վերաբերող հարցեր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԿԳՄՍՆ այցի ժամանակ այս մասին ասել է ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։ 

«Համաժողովի շրջանակում կքննարկվեն նաև Արցախում պատմամշակութային ժառանգության պահպանմանը վերաբերող ոչ միայն գիտական, այլև տեղեկատվական քաղաքականությանը վերաբերող հարցեր»,–ասել է Խզմալյանը։

Նրա խոսքով` այս տարի մշակութային ծրագրերը, ստեղծագործական ռեսուրսը միտված են լինելու հետպատերազմյան ճգնաժամի հետևանքների մեղմացմանը: Թիրախայինը կրկին սահմանամերձ համայնքներն են լինելու՝ Արցախում, Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի մարզերում իրականացվելու է «Թիկունքը՝ մշակույթ» նախաձեռնությունը: Այդ առումով աշխատանքներն արդեն սկսվել են, և առաջիկայում մշակույթի ոլորտի կառույցների ներկայացուցիչների հետ նախատեսվում է այց Արցախ:

Ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա, ակադեմիական քաղաք կհիմնադրվի. Փաշինյանը ԿԳՄՍՆ–ում էր

Բացի այդ, համապատասխան կազմակերպությունների հետ քննարկվում է հաշմանդամություն ունեցող զինծառայողներին տարբեր ծրագրերում ներգրավելու հարցը:

Խզմալյանը հայտնել է նաև, որ առաջիկայում Տավուշի մարզի Բերդ քաղաքում կբացվի Գեղագիտության ազգային կենտրոն: Միաժամանակ, նախատեսվում է նաև Հայաստանում «Կապույտ վահան» միջազգային կազմակերպության մասնաճյուղի բացում:

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախկին փոխնախարար Նարինե Թուխիկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում դեռ նախորդ տարեվերջին` դեկտեմբերի 5-ին, հայտնել էր, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է Արցախ առաքելություն ուղարկելու մտադրության մասին։ Առաքելության թվում պետք է լինեին Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և «Կապույտ վահան» միջազգային կազմակերպության չորս ներկայացուցիչ։ Այդ այցը, սակայն, չկայացավ ադրբեջանական կողմի խոչընդոտների պատճառով։

Ջուղայի խաչքարերի ճակատագիրը չկրկնվի. Դավիթ Բաբայանը դիմել է ՄԱԿ–ին ու ՅՈւՆԵՍԿՕ–ին