ՌԱԴԻՈ

Տնտեսական իրողությունները վերանայելու` Կենտրոնական բանկի մոտեցումը տեղին է. Մանասերյան

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Կենտրոնական բանկի նախագահի հայտարարությանը, ըստ որի` 2021 թվականին տնտեսական աճը կկազմի 1.4 տոկոս։ 
Sputnik
Տնտեսական իրողությունները վերանայելու` Կենտրոնական բանկի մոտեցումը տեղին է. Մանասերյան

Թաթուլ Մանասերյանի դիտարկմամբ` պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ երբ ԿԲ–ն ներկայացնում էր իր կանխատեսումը, Հայաստանում ենթադրաբար կարող էին լինել նաև քաղաքական բնույթի որոշակի փոփոխություններ, որոնք նույնպես իրենց ազդեցությունը կթողնեին տնտեսության վրա, և կարելի էր ավելի լավատեսական ակնկալիքներ ունենալ, բայց այս պարագայում իրատեսորեն գնահատելով իրավիճակը` Մանասերյանը նկատեց, որ նման փոփոխությունները դժվար թե շատ մոտ ապագայում լինեն, այսինքն` գոնե մինչև տարվա կեսը նման բան չի սպասվում։ 

«Չեն էլ երևում ծրագրի այն ուրվագծերը, որոնց շնորհիվ կարելի է Հայաստանի տնտեսությունը դուրս բերել առկա իրավիճակից։ Չնայած մեր վերլուծական կենտրոնը և նոր ստեղծված քաղաքացիական խորհուրդն ունի մշակած հստակ ռազմավարություն, սակայն դա, բնականաբար, պետության սեփականությունը չէ, և պետությունը ոչ միայն եղածով չի կարող տնտեսությունը դուրս բերել ստեղծված ճգնաժամային իրավիճակից, այլև ի վիճակի չէ մշակել նման ռազմավարություն»,– նշեց տնտեսագետը։ 

Գազի հնարավոր թանկացումը Կենտրոնական բանկի կանխատեսումներում դեռ չի հաշվարկվել

Մանասերյանի կարծիքով` տնտեսական իրողությունները վերանայելու Կենտրոնական բանի մոտեցումը տեղին է։ Ըստ նրա` նույնիսկ 1,4 տոկոս աճը նշանակում է, որ կարելի է ակնկալել որոշակի աշխուժություն առաջին հերթին մասնավոր հատվածի ձեռնարկությունների հետևողականության և համառության շնորհիվ, այլապես պետությունը, Մանասերյանի համոզմամբ, կաթվածահար է եղել, ու տնտեսության հատկապես կառավարման ոլորտն ըստ էության բացակայում է, չկան վերահսկողական ու կարգավորիչ գործառույթներ։

Անդրադառնալով ԿԲ նախագահին տեսակետին, որի համաձայն` արդյունաբերության, ծառայությունների, գյուղատնտեսության ճյուղերում կան որոշակի նվազումներ, Մանասերյանն ընդգծեց, որ հատկապես գյուղատնտեսությանն առնչվող գնահատականը հետևանք է այն իրողության, որ ոլորտը կարգավորող մարմին ընդհանրապես գոյություն չունի, և Էկոնոմիկայի նախարարությունում փոքրաթիվ աշխատակազմով, ոչ պրոֆեսիոնալ մարդկանց առկայությամբ հնարավոր չէ գյուղատնտեսության ոլորտը կառավարել այնպես, որ ունենա շոշափելի աճ։ Նման աճ տարերայնորեն կարող է ձևավորվել միայն գյուղացիական տնտեսությունների ակտիվ աշխատանքի հաջողության շնորհիվ։ Տնտեսագետի խոսքով` այս պահին չկա ո՛չ գյուղատնտեսության զարգացման ծրագիր, ո՛չ պարենային, ո՛չ էլ ագրարային քաղաքականություն։ 

Կառավարությունը փոխում է Հարկային օրենսգիրքը, ԱԱՀ–ն տնտեսվարողներին կվերադարձվի ամեն ամիս

Տեղեկացնենք, որ ՀՀ Կենտրոնական բանկը որոշակիորեն վերանայել է տնտեսական աճի ցուցանիշը։ Եթե նախկինում ԿԲ–ի գնահատականների համաձայն` Հայաստանում տնտեսական աճը 2021 թվականին պետք է լիներ 2 տոկոս, ապա այժմ, ըստ բանկի նախագահ Մարտին Գալստյանի, այն կկազմի 1,4 տոկոս։