Պատերազմից հետո էլ Ադրբեջանը դեռ հայ ռազմագերիներին գերեվարության մեջ է պահում. Այվազյան

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի - Sputnik. Անգամ ռազմական գործողություններից  4 ամիս անց Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային հումանիտար իրավունքները` գերեվարության մեջ պահելով հայ ռազմագերիներին և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց։ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեի հետ առանձնազրույցից և ընդլայնված կազմով հանդիպումներից հետո այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը։

Հայ բնակչության ոչնչացման վրա խարսխված խաղաղությունը չի կարող լինել տևական. Արա Այվազյան

«Ցավալի է, որ դեռ նախորդ տարվա սեպտեմբերին ձեր այցը տարածաշրջան հետաձգվեց պատերազմի հետևանքով։ Ադրբեջանի կողմից հակամարտության համատեքստում ուժի կիրառումը ԵԱՀԿ հանձնառությունների, այդ թվում Հելսինկիի եզրափակիչ ակտի կոպտագույն խախտում էր»,–ասաց նախարարը։

Նրա խոսքով` պատերազմի ընթացքում ադրբեջանական ԶՈւ–ն, Թուրքիայի աջակցությամբ, միջազգային հումանիտար նորմերի խախտումներով զանգվածային ոճրագործություններ արեցին, այդ թվում` էթնիկ զտումներ և պատերազմական հանցագործություններ իրականացրին արցախահայության դեմ` միտումնավոր թիրախավորելով խաղաղ բնակչությանը, քաղաքացիական ենթակառուցվածքները։

Այվազյանը հայտնեց, որ այսօր Լինդեի հետ հանդիպումների ժամանակ անդրադարձել են ԵԱՀԿ–ում շվեդական նախագահության գերակայություններին, քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի լայն շրջանակ, նաև հայ–շվեդական երկկողմ օրակարգը։

Հրադադարի համաձայնագրի լրիվ իրականացումը հիմք կլինի կոնֆլիկտի լուծման գործում. Անն Լինդե

Հիշեցնենք, որ մարտի 14-ին ԵԱՀԿ գործող նախագահը տարածաշրջանային այցի շրջանակում մեկնել էր Ադրբեջան, հանդիպել նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: