ԵՐԵՎԱՆ, 16 մարտի - Sputnik. Աշխատանքները տարվում են, որպեսզի անհետացած Boeing օդանավը վերադարձվի։ Տեղեկությունն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը։
Նա տեղեկացրեց նաև, որ միջադեպի հետ կապված քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածով՝ (օդանավի զավթումը):
Հարցին, թե իրանական կողմի հետ հստակ պայմանավորվածություն կա՞, որ օդանավը պետք է վերադարձվի, ԱԱԾ տնօրենի տեղակալը պատասխանեց.
«Այո, կարծում եմ՝ տեխնիկական խնդիրներ կան»։
Հիշեցնենք` փետրվարի 22-ից մամուլում շրջանառվում են լուրեր, ըստ որոնց՝ Boeing 737 տիպի օդանավն առևանգվել է։
ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը Facebook-ի իր էջում գրել էր, թե փետրվարի 21-ին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հեռագիր է ստացել Միացյալ Արաբական Էմիրությունների Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից հայկական գրանցմամբ EK-FAA համարանիշով Boeing-737 օդանավի առևանգման մասին:
Ճաղարյանը գրել է, որ օդանավը թռիչք է կատարել էստոնական Տալլինից և, ըստ պլանի, պետք է վայրէջք կատարեր Երևանում:
Բայց դրա փոխարեն օդում որոշում է կայացվել գնալ Արաբական Էմիրություններ` տեխսպասարկման: Եվ «տեխնիկական անսարքության պատճառով» վայրէջք է կատարել Թեհրանում: