ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության թռիչքային և տեխնիկական անձնակազմի իրականացրած ստուգումների արդյունքում արձանագրվել են մի շարք խնդիրներ, որոնք ներկա պահին օդանավի թռիչքը դարձնում են անհնարին:
«Ընկերությունը` որպես օդանավի շահագործման, թռիչքային անվտանգության, տեխնիկական սպասարկման, ավիացիոն անվտանգության, անձնակազմի և օդանավի հետ կապված բոլոր հարցերով պատասխանատու, իրականացնում է անհրաժեշտ աշխատանքներ՝ թերությունները վերացնելու ուղղությամբ»,– նշված է Քաղավիացիայի կոմիտեի հաղորդագրության մեջ
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ՀՀ ԱԳՆ-ի և ԱԱԾ-ի հետ համատեղ գործադրում է բոլոր ջանքերն օդանավը Հայաստան վերադարձնելու համար:
Հիշեցնենք` փետրվարի 22-ից մամուլում լուրեր են շրջանառվում, որ Boeing 737 տիպի օդանավն առևանգվել է։
ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը Facebook-ի իր էջում գրել էր, թե փետրվարի 21-ին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հեռագիր է ստացել Միացյալ Արաբական Էմիրությունների Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից հայկական գրանցմամբ EK-FAA համարանիշով Boeing-737 օդանավի առևանգման մասին:
Ճաղարյանը նշել էր, որ օդանավը թռիչք է կատարել Էստոնիայի Տալլին քաղաքից և, ըստ պլանի, պետք է վայրէջք կատարեր Երևանում: Բայց դրա փոխարեն օդում որոշում է կայացվել գնալ Արաբական Էմիրություններ` տեխսպասարկման, և «տեխնիկական անսարքության պատճառով» վայրէջք է կատարել Թեհրանում: