«ՀՖՖ–ն արհամարհում է մեզ». «Լոռի» ակումբը դուրս է գալիս Հայաստանի առաջնությունից

Ֆուտբոլային ակումբի հիմնադիր–նախագահ Թովմաս Գրիգորյանը հայտարարել է, որ ՀՖՖ–ի համար ակումբները բաժանված են յուրայինների և օտարների։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբը դուրս է գալիս Հայաստանի առաջնությունից։ Այս մասին Facebook-ում տեղեկացրել է ֆուտբոլային ակումբի հիմնադիր–նախագահ Թովմաս Գրիգորյանը։

Ինչն է ապահովում «Լոռի» թիմի հաղթանակները. Sputnik–ի հյուրն է Արմեն Շահգելդյանը

Այսօր ավելի վաղ «Լոռիի» ֆուտբոլիստները լքել են խաղադաշտը «Արարատ»-«Լոռի» հանդիպման ժամանակ։

««Լոռի» ֆուտբոլային ակումբը ոչ սպորտային որոշում կայացրեց` չսկսելով հանդիպումը Երևանի «Արարատի» հետ, ինչի համար ներողամտություն եմ հայցում Լոռիի երկրպագուներից, ստադիոնում և հեռուստաէկրանների մոտ հավաքված ֆուտբոլասերներից։ Բայց սա քայլ էր անելանելի վիճակից, քանի որ ՀՖՖ-ն արհամարհական կեցվածք է ընդունել «Լոռի» ակումբի նկատմամբ», – գրել է Գրիգորյանը։

Նրա խոսքով` ակումբը ՀՖՖ բողոքարկման կոմիտե դիմում է ուղարկել, որը ոչ միայն քննարկվել է ավելի քան 8 ամիս անց, այլև ՀՖՖ-ն չի հրապարակել կոմիտեի որոշումը։

«Լոռին» ու «Սևանը» զրկվել են նոր ֆուտբոլիստներ գրանցելու իրավունքից. ՖԻՖԱ–ն է որոշել

«Նման անառողջ մթնոլորտում չեմ պատրաստվում շարունակել պայքարը ՀՖՖ-ի գծած սցենարով, որտեղ նրանց համար ակումբները բաժանված են յուրայինների և օտարների։ Չի մնում այլ քայլ` պայքարելու ՀՖՖ-ի անարդարությունների դեմ, ուստի որոշում եմ կայացրել դադարեցնել «Լոռի» թիմի մասնակցությունը ՀՀ առաջնությունում», – գրել է Գրիգորյանը։

Հիշեցնենք` «Լոռին» այսօր բոյկոտել էր Երևանի «Արարատի» դեմ ֆուտբոլի Հայաստանի առաջնության 18-րդ տուրի հանդիպումը: Երևանի «Հանրապետական» ստադիոնում մեկնարկած խաղում «Լոռիի» ֆուտբոլիստները մրցավարի՝ խաղի մեկնարկն ազդարարող սուլոցից հետո լքեցին խաղադաշտը։ Հանդիպումը չկայացավ:

«Լոռի» ֆուտբոլային ակումբի անդամներից 17–ը վարակվել են կորոնավիրուսով