ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik.Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական գրություն է ստացել իտալական «Ռոմա» ակումբից, որտեղ ներկայացված են Հենրիխ Մխիթարյանի հետազոտության արդյունքները: Տեղեկությունը հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
«Ըստ դրանց՝ Մխիթարյանի մոտ հայտնաբերվել է ոտքի միջին երրորդում գտնվող մկանների երկրորդ աստիճանի վնասվածք՝ ախտահարումով, որն ազդում է հետին կողային միապոնեվրոտիկ շրջանի վրա»,– նշված է հաղորդագրության մեջ:
Այսպիսով, Մխիթարյանը, նախնական տվյալներով, բաց կթողնի 3-4 շաբաթ և չի կարողանա օգնել Հայաստանի ազգային հավաքականին առաջիկա հանդիպումերի ընթացքում:
Հիշեցնենք, որ նա վնասվածք էր ստացել «Շախտյորի» դեմ Եվրոպայի լիգայի տնային խաղում, որն ավարտվեց 3:0 հաշվով: