ԵՐԵՎԱՆ, 16 մարտի - Sputnik. Հայաստանը ԼՂ հակամարտության բոլոր փուլերում հանդես է եկել խնդրի բացառապես խաղաղ կարգավորման օգտին։ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեի հետ առանձնազրույցից և ընդլայնված կազմով հանդիպումներից հետո հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը։
Նախարարը նշեց` եռակողմ հայտարարությունը դիտարկում են որպես հրադադարի վերականգմանն ու անվտանգության վերահաստատմանն ուղղված փաստաթուղթ։
«Թեև այն պարունակում է խաղաղ կարգավորմանն առնչվող որոշ դրույթներ, սակայն չի հասցեագրում դրա առանցքային տարրերը, որոնցից առաջնայինն է Արցախի կարգավիճակի հարցը` հիմնված արցախահայության ինքնորոշման իրավունքի հիման վրա։ Հակամարտության վերջնական քաղաքական լուծումը հնարավոր է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»,–ասաց Այվազյանը։
Նրա խոսքով` տարածաշրջանում վերջին զարգացումներն ընդգծել են, որ կարիք կա Մինսկի խմբի ուժեղ համանախագահության։
Այվազյանը նշեց` Արցախի խաղաղ բնակավայրերի, այդ թվում Հադրութի ավերման, հայ բնակչության ոչնչացման և դրանց փոխարեն ադրբեջանական բնակավայրերի ստեղծման հիման վրա խարսխված խաղաղությունը չի կարող լինել հաստատուն և տևական։ Նա նշեց, որ շարունակելու են պայքարը` արդար և արժանապատիվ արդարության համար։
Ղարաբաղի վերաբերյալ բոլոր պայմանավորվածություններն առայժմ իրագործվում են. Կրեմլ
Նախարարը հիշեցրեց, որ ապրիլ–օգոստոս ամիսներին Հայաստանը ստանձնելու է ԵԱՀԿ որոշում ընդունող մարմիններից մեկի` Անվտանգության համագործակցության ֆորումի նախագահությունը։
Հիշեցնենք, որ մարտի 14-ին ԵԱՀԿ գործող նախագահը տարածաշրջանային այցի շրջանակում մեկնել էր Ադրբեջան, հանդիպել նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: