Գազի հնարավոր թանկացումը Կենտրոնական բանկի կանխատեսումներում դեռ չի հաշվարկվել

Մամուլում լուրեր կան, որ ՀՀ փոխվարչապետի գլխավորած պատվիրակության այցը Մոսկվա կապված է 2021թ-ի ընթացքում Հայաստանին մատակարարվող գազի գնի վերանայման հետ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի - Sputnik. 2021 թ-ի գնաճի հաշվարկում ու այն զսպելու համար ԿԲ հաստատած վերաֆինանսավորման տոկոսադրույքի՝ այսօր սահմանված 5.5 տոկոս արժեքում գազի գնի սպասվող թանկացումը հաշվարկված չէ: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

Անվերահսկելի գնաճ և կորսված ռազմական պոտենցիալ. ինչ պետք է անի իշխանությունը, որ չի անում

«Այս բազային սցենարի ներքո, ըստ էության, գազի գնի թանկացում այս տարվա համար դեռևս չի նախատեսված: Բայց այդ հարցը մեր ուշադրության կենտրոնում է»,- ասաց Գալստյանը՝ պատախանելով լրագրողի հարցին, թե որքանով է ներկա տոկոսադրույքն արտացոլում այդ բացասական սպասումը:

Նշենք, որ այսօր ԿԲ խորհրդի նիստում հաստատված վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանվել է նույն մակարդակի վրա, ինչ 2021թ-ի փետրվարին՝ 5,5 տոկոս:

ԿԲ նախագահը լրագրողներին հայտնել է, որ այդ կերպ հնարավոր կլինի զսպել կանխատեսվող գնաճային ճնշումները:

Մարտին Գալստյանը հայտնեց, որ 2021թ-ի փետրվարին արձանագրվել է 0.6 տոկոս գնաճ՝ 2020թ-ի փետրվարի 0.2 տոկոս գնանկման դիմաց: Արդյունքում 1 տարվա գնաճը փետրվարին հավասարվել է 5.3 տոկոսի: ԿԲ-ի կանխատեսմամբ, տարեվերջին գնաճը կկազմի նպատակային 4 տոկոս: Այս կանխատեսման մեջ, փաստորեն, գազի հնարավոր թանկացումը նախատեսված չէ:

Հիշեցնենք՝ մարտի 16-18-ը Հայաստանից պատվիրակություն է մեկնում Ռուսաստան։

Պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը և Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու Դավիթ Գևորգյանը։

Գազալցակայանները կախված են դոլարի փոխարժեքից. ուրիշ ի՞նչ գործոններ են ազդել գազի գնի վրա

Որոշման մեջ նշված է միայն, որ փոխվարչապետը վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պետք է գործուղման արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնի ՀՀ վարչապետին, իսկ այցի նպատակը չի բացահայտվում: Այդուհանդերձ, մամուլում արդեն լուրեր կան, որ այցը կապված է 2021թ-ի ընթացքում Հայաստանին մատակարարվող գազի գնի վերանայման հետ: