«Ես չէի կարող այդ խոսքերը հանդուրժել». Էրդողանի 27–ամյա թիկնապահն ինքնասպան է եղել

Թիկնապահը գրություն է թողել, որում նշել է, որ անընդհատ վիրավորանքներ ու սպառնալիքներ է լսել իր ղեկավարությունից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի թիկնապահ, ոստիկանության սպա Մեհմեդ Ալի Բյուլութը ինքնասպան է եղել, հաղորդում է թուրքական Cumhuriyet-ը:

Մահափորձը ձախողված է, կամ ինչպես են թիկնապահները պաշտպանում առաջին դեմքերին

Պարբերականը գրում է, որ տղամարդն ինքնասպան է եղել իր տանը։ Նրա մարմինը գտել են գործընկերները, որոնք անհանգստացել են, երբ Բյուլութը ո՛չ աշխատանքի է եկել, ո՛չ էլ պատասխանել հեռախոսազանգերին։

Թիկնապահը գրություն է թողել, որում նշել է, որ անընդհատ վիրավորանքներ ու սպառնալիքներ է լսել իր ղեկավարությունից։

«Ձեզ մոտ ամենից լավ ստացվում է ձեր աշխատակիցներին վիրավորելը, սպառնալը, նվաստացնելը։ Յուրաքանչյուր տղամարդ արժանապատվություն ունի, և ես չէի կարող այդ խոսքերը հանդուրժել։ Մաղթում եմ, որ դուք փորձեք հասկանալ և սիրալիր լինել ձեր անձնակազմի հետ, ոչ թե վերը գրածներս անեք: Ես չեմ ուզում, որ բացի Մուստաֆա Յավուզկանատից, որևէ այլ սպա գա իմ թաղմանը: Մ.Ալի Բյուլութ», – գրված է եղել վանդակավոր թղթի վրա։

Մեհմեդ Ալի Բյուլութը 27 տարեկան էր։

Ժլատ և պահանջկոտ. Քանյե Ուեսթի նախկին թիկնապահը պատմել է աստղի քմահաճույքների մասին