ՌԱԴԻՈ

1920թ.-ի որ իրողությունները կրկնվեցին. ինչպես խուսափել հետագա ընթացքի կրկնությունից

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է 1921 թվականի մարտի 16-ին Մոսկվայում ստորագրված ռուս–թուրքական «Բարեկամության և եղբայրության պայմանագրի» 100–ամյակին։
Sputnik
1920թ.-ի որ իրողությունները կրկնվեցին. ինչպես խուսափել հետագա ընթացքի կրկնությունից

Ռուբեն Մելքոնյանի դիտարկմամբ` անցնող տասնամյակները և հատկապես Հայաստանի անկախացումից հետո ընկած ժամանակահատվածը պետք է մեզ ստիպեին ավելի պրագմատիկ տեսանկյունից մոտենալ հարցերին, սակայն այս պահին շարունակում է գերիշխել այդ պայմանագրի հուզական, երբեմն մանիպուլյատիվ բնույթը, շատ հաճախ ենթատեքստից կտրված։ Նրա խոսքով` դիտարկվում է միայն պայմանագիրը, հասարակական լայն շերտերին չեն ներկայացվում դրան նախորդած փուլերը, աշխարհաքաղաքական զարգացումները։ 

«Շատ չինֆորմացված հասարակությանը որոշակի ուժային կենտրոնների կողմից ուղղորդվող շրջանակներն ու անհատները տանում են ոչ հստակության դաշտ։ Մենք պետք է նայենք իրատեսական դիրքերից, տեսնենք, թե ինչ իրավիճակ էր այդ ժամանակ և ինչ տվեց այդ պայմանագիրը մեզ կամ ինչեր խլեց մեզանից։ Միայն ամպագոռգոռ հայտարարություններ անելն ու տարբեր չիրականացված այլ պայմանագրեր մեջբերելը, ինչպես օրինակ Սևրի պայմանագիրը, չեմ կարծում, որ շատ ազնիվ է հասարակության հանդեպ»,– նշեց թուրքագետը։

Ռուսաստանը չպետք է թույլ տա Թուրքիային խաբել իրեն․ Զատուլինը՝ պատմական անցյալի մասին

Մելքոնյանի կարծիքով` 100 տարի առաջվա պատմությունն արդեն իսկ շատ առումներով կրկնվել է և 1920 թվականի որոշ իրողություններ ցավոք սրտի կրկնվեցին 2020–ին` նույն թուրք–ադրբեջանական ագրեսիան, Հայաստանի անպատրաստ ու սխալ կողմնորոշումը և Ռուսաստանի միջամտությունը կոնֆլիկտը դադարեցնելու ուղղությամբ։ Թուրքագետն այս տրամաբանությամբ առաջնորդվելու պարագայում չբացառեց նույն պատմության շարունակությունը մեր օրերում, երբ Հայաստանը գործոն չէ ու նրա ճակատագիրը որոշում են Թուրքիան և Ռուսաստանը։

«Հայաստանն այսօր էլ կորցրել է իր սուբյեկտայնությունը, տեսնում ենք, որ նոյեմբերի 9-ի խայտառակ հայտարարության շատ դրույթներ շատ հաճախ քննարկվում են ռուս–ադրբեջանական, ռուս–թուրքական ֆորմատներում, որոնց Հայաստանը երբեմն նույնիսկ մասնակից էլ չէ։ Այնպես որ զուգահեռները կան։ Մնում է հուսալ, որ հարյուրամյա վաղեմության վերջին խայտառակ արարը նորից իրականություն չդառնա, որ 100 տարվա դասերն ուղղորդող լինեն ներկայիս գործընթացներում` չնայած շատ մեծ լավատեսության տեղ չունենք»,– նշեց թուրքագետը։

Մելքոնյանի խոսքով` 1921 թվականի ռուս թուրքական պայմանագիրն ի սկզբանե իրավական առումով խեղված էր, որովհետև ստորագրող կողմերն ունեցել են լեգիտիմության և միջազգային ճանաչման խնդիր, մասնավորապես թուրքական կողմից այն ստորագրել է ապստամբական խռովարարների մի խումբ, որի ներկայացուցիչները հենց Օսմանյան կայսրությունում հետախուզման մեջ գտնվող հանցագործներ էին։ Ըստ թուրքագետի` ավելի շատ պետք է ուշադրություն դարձնել այդ պայմանագրի փոփոխության քաղաքական հնարավոր վերադասավորումներին, որ կարող է այս պահին չկան, բայց մեր արագ փոփոխվող տարածաշրջանում պետք է դա միշտ նկատի ունենանք։

Ռուս-թուրքական լավ հարաբերությունների մասին խոսակցությունները միֆ են. Հովհաննիսյան

Հայաստանը պետք է միշտ պատրաստ լինի փոփոխվող իրավիճակներում ներկայացնել իր պահանջները շատ ավելի ճիշտ, գրագետ դասավորված թղթածրարով։  

Հիշեցնենք, որ «Եղբայրության և բարեկամության պայմանագիրը» կնքվել է 1921 թվականի մարտի 16-ին Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ՌԽՖՍՀ) կառավարության և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ղեկավարության միջև` 1921 թվականի փետրվարի 26-ից մարտի 16–ը կայացած ռուս-թուրքական երկրորդ կոնֆերանսի ավարտին։

Այս պայմանագրով Ռուսաստանը ճանաչում էր Թուրքիայի ինքնիշխանությունը Ազգային մեծ ուխտի՝ թուրքական ճանաչած բոլոր տարածքների նկատմամբ։ Թուրքիան իր հերթին հրաժարվում էր Բաթումից` փոխարենը ստանալով Սուրմալուի գավառը։ Պայմանագրով հաստատվել է նաև Թուրքիայի հյուսիսարևելյան սահմանը, այսինքն` Հայաստանի հետ սահմանը, որն անցնում էր Ախուրյան ու Արաքս գետերով` թուրքական կողմում թողնելով Կարսի մարզն ու Սուրմալուի գավառը։ Այն նույնությամբ պահպանվել է առ այսօր։

Պայմանագրի երկրորդ հոդվածով Նախիջևանի մարզը` Շարուր-Դարալագյազի գավառի մի մասով, Թուրքիան, որին այն անցել էր Ալեքսանդրապոլի պայմանագրով, վերահանձնում էր Ադրբեջանին` որպես ինքնավար տարածք, բայց պայմանով, որ այն չի կարող տրվել երրորդ պետության (որպես այդպիսին հասկացվում էր Հայաստանը):