Զոհվածների հիշատակը հավերժացնող միասնական կայք կստեղծվի

Պատգամավոր Հայկ Սարգսյանը հրապարակել է կայքի նախնական էսքիզային տարբերակներից մեկը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հայտնում է, որ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ նախատեսվում է ստեղծել մի կայք, որում փաստական տվյալներ կներառվեն հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհած բոլոր հայորդիների մասին:

«Կայքի նպատակը պետք է լինի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ընթացքում զոհված բոլոր հերոս հայորդիների հիշատակի հավերժացումը՝ անկախ կարգավիճակից, զինվորական կոչումից, գործած սխրանքից, ինչպես նաև պատերազմի պատմության փաստական հիմքի ստեղծումը: Կայքում կընդգրկվեն նաև 2016 թվականի ապրիլյան պատերազմի, 2020 թվականի հուլիսյան (տավուշյան) և այլ մարտական գործողությունների ժամանակ անմահացած մեր հերոսների մասին տեղեկությունները»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

«Չեմ կարող վախկոտի պես ապրել». Վահեն իր վերջին վիրավորին կուրանալուց փրկեց, ինքը զոհվեց

Պատգամավորի խոսքով` կայքը ունենալու է որոնման պատուհան՝ ընդլայնված որոնման հնարավորություններով այբբենական կարգով՝ անուն-ազգանուն-հայրանունով, ծննդյան տարեթվով, ծննդավայրով, հուղարկավորության վայրով, զինվորականների դեպքում՝ կոչումներով, զորամասերի համարներով, պարգևներով և այլ տվյալներով:

«Երջանիկ էր. զոհվեց` չիմանալով, որ որդին էլ է նահատակվել». Կարապետյանների պատմությունը

Կայքում լինելու է նաև պատմությունների բաժին, որտեղ տեղադրվելու են մարտական ընկերների ներկայացրած պատմությունները զոհված կամ անհետ կորած հերոսների մասին։

Կայքը ունենալու է նաև տեղեկությունների համալրման հնարավորություն, ինչը օգտատերերին հնարավորություն կտա հավելյալ տվյալներ/լուսանկարներ ներբեռնել կայք: Օրինակ՝ ծնողները, հարազատները կամ ընկերները կարող են ավելացնել լուսանկարներ կամ ճշգրտող տվյալներ:

«Ըստ էության, կայքը հնարավորություն կտա անուն առ անուն ճանաչել մեր հերոսներին՝ կարդալ նրանց կենսագրությունները, անցած ուղին, տեսնել նրանց լուսանկարներն ու դիտել նրանց մասին տեսանյութերը», –նշել է Սարգսյանը։

Մոտավոր պատկերացում կազմելու համար պատգամավորը հրապարակել է նաև կայքի նախնական էսքիզային տարբերակներից մեկը։

«Դոբրին». զոհված Վարուժան Մատոսյանն ուզում էր 100 տարի ապրել և Արարատը բարձրանալ