Երևանում գողացել են նավակով տղայի բրոնզե արձանը

Ոստիկանությունում նյութեր են պատրաստում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Անհայտ անձինք Երևանի 2800-ամյակի այգուց գողացել են նավակով տղայի բրոնզե արձանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից։

«Հաղորդումը ստացել ենք մարտի 14-ին։ Հայտնի է, որ նույն օրը` 13։40-ից 14։10-ի սահմանում գողացել են տղայի արձանն ու շինհրապարակի գործիքները»,– ասացին ոստիկանությունից։

Այժմ նյութեր են պատրաստում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար։

Հիշեցնենք` Երևանի 2800–ամյակին նվիրված այգու հանդիսավոր բացումը կայացավ 2019 թվականի մայիսի 10-ին։ Բացման մասնակցեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Արմավիրցի հանդուգն գողերը․ կողոպտել են համագյուղացիների մեքենաներն ու տները․ տեսանյութ

Այգին վերանորոգվել և ամբողջությամբ վերակառուցվել էր Վարդանյան ընտանիքի ֆինանսավորմամբ։ Աշխատանքների վրա ծախսվել էր 5,3 միլիոն դոլար։

Այգում տեղադրված են 2800 շատրվան, 7 բրոնզե հուշարձան։ Այն զարդարված է հին հայկական գորգերի նախշերով և 70 տեսակի 250 ծառերով։ Վարդանյանների ընտանիքը 99 տարի հոգալու է այգու վերանորոգման աշխատանքների և խնամքի հետ կապված բոլոր ծախսերը։

Բացումից մի քանի օր անց նավակով տղայի արձանը վնասվեց։ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամն ապամոնտաժեց այն, վերականգնեց ու վերադարձրեց այգի։