Վենդետա Գյումրիում. ավտովթարից մահացած քաղաքացու եղբայրը սպանել է տաքսու վարորդին

Ողբերգական ավտովթարը տեղի էր ունեցել հունվարի 30-ին։ Ռաֆայել Մնացականյանը տաքսիով տեղափոխում էր երկու ուղևորի, երբ բախվել է երկու այլ մեքենաների։ Ուղևորներից մեկը մահացել է։ Այսօր տաքսու վարորդին գտել են սպանված։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Այսօր սպանություն է տեղի ունեցել Գյումրիի Մուշ 2 թաղամասում։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։

37-ամյա Ռաֆիկ Մնացականյանին սպանված են գտել, նրա մարմնի վրա կան դանակի հարվածից ստացած բազմաթիվ հետքեր։ Նույն վայրից մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխել սպանվածի կնոջը՝ 33-ամյա Անուշ Սարդարյանին ու սպանվածի հորաքրոջ որդուն՝  28-ամյա Արմեն Տոնոյանին։

Սեյրան Օհանյանը դեռ հոսպիտալացված կմնա. պաշտպանը հայտնեց պատճառը

Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը Sputnik Արմենիային տեղեկացրել է, որ կա հետախուզվող, որը դեպքի վայրից դիմել էր փախուստի: Անձը մոտավոր հայտնի է:

Sputnik Արմենիայի տեղեկություններով` ոստիկանությունը արդեն կասկածյալ ունի կատարված սպանության մեջ։ Ավելի վաղ` հունվարի 30-ին, Արագածոտնի մարզում տեղի էր ունեցել խոշոր ավտովթար` երեք մեքենայի մասնակցությամբ։ Բախվել էին ГАЗель-ը և երկու Mercedes։

Shamshyan.com–ի տեղեկություններով` Mercedes-ներից մեկը տաքսի մեքենա էր, որը վարում էր այսօր սպանված Ռաֆիկ Մնացականյանը։ Նա երկու ուղևորի էր տեղափոխում` 36-ամյա Էմիլ Թամոյանին և նրա հորը՝ 61-ամյա Արտուշ Թամոյանին։ Վթարի հետևանքով Էմիլ Թամոյանը մահացել էր Թալինի բժշկական կենտրոնի ճանապարհին։ Մյուս մեքենաների վարորդներին ու ուղևորներին տեղափոխել էին նույն հիվանդանոց։ Մահացած տղամարդու հորը` Արտուշ Թամոյանին սկզբում տեղափոխել են Թալինի ԲԿ, ապա Երևան` Արմենիա ԲԿ։

Ոստիկանությունը տաքսու վարորդի սպանության մեջ կասկածում է նրա մահացած ուղևոր Էմիլ Թամոյանի եղբորը։

«Մենք դա ստույգ չենք կարող նշել, բայց ուշադրություն ենք դարձնում այն փաստի վրա, որ տեղի է ունեցել ավտովթար, մեքենան վարել է սպանվածը, իսկ ենթադրաբար մեր այսօրվա արարքը կատարածի եղբայրը մի քանի օր հետո մահացել է: Մենք այս փաստն արձանագրում ենք, բայց թե ինչ ցուցմունք կտա հետախուզվողը, կկապի այդ դեպքի հետ, թե ոչ, չենք կարող հիմա ասել»,-նշեց դատախազը:

Կոնդի բնակարաններից մեկում հայտնաբերվել են զենք-զինամթերք ու թմրամիջոցներ. տեսանյութ

Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը Sputnik Արմենիային ասաց, որ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34/104 հոդվածի 2-րդ  մասի 1 կետով  (2 կամ ավելի անձանց սպանություն փորձ)։

«Գյումրի» բժշկական կենտրոնից էլ Sputnik Արմենիային տեղեկացրին, որ կենտրոն տեղափոխված 2 տուժածների վիճակն էլ կայուն է: Նրանցից մեկին արդեն վիրահատել են, մյուսի վիրահատությունը ընթացքի մեջ է։