ԵՐԵՎԱՆ, 15 մարտի - Sputnik. Միջազգային հանրությունը լռությամբ արձագանքեց Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանի գործողություններին, արգելված զենքի կիրառմանն ու քաղաքների և գյուղերի ոչնչացմանը: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը Մոսկվայում կայացած «Ցեղասպանությունն ու Առաջին համաշխարհային պատերազմը։ Միջազգային պայմանագրեր։ Պատմական զուգահեռներ» համաժողովի ժամանակ։ Միջոցառումը կազմակերպել էր Ռուսաստանի հայերի միությունը՝ Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի միջև ստորագրված Մոսկովյան պայմանագրի 100-ամյակի կապակցությամբ։
«44-օրյա պատերազմի ժամանակ մենք լավագույն դեպքում չեզոքություն էինք տեսնում, իսկ վատագույն դեպքում՝ տարրական անփութություն, երբ արգելված զինամթերքի կիրառմամբ ոչնչացնում էին քաղաքներն ու գյուղեր։ Միջազգային հանրությունն ի պատասխան այդ գործողությունների լռում էր», - ասել է դիվանագետը։
Նա ղարաբաղյան իրադարձությունների վերաբերյալ միջազգային հանրության արձագանքը համեմատել է Ալեքսեյ Նավալնու դեպքի հետ, երբ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կիրառեցին Ռուսաստանի դեմ։
«Մենք տեսնում ենք, թե ինչպես են պատժամիջոցներ կիրառում առանձին մարդու շահերի պատճառով։ Բայց երբ մի ամբողջ ժողովուրդ ոչնչացնում են միջազգային ահաբեկչական խմբավորումների մասնակցությամբ, միջազգային հանրությունը լռում է և բացի ճղճիմ հայտարարություններից, ոչինչ չի ձեռնարկում», - ավելացրել է Տողանյանը։
Ինչ վերաբերում է 100-ամյա վաղեմության դեպքերին, ապա դեսպանը կարծում է, որ այսօր Հայաստանը պետք է իր քաղաքականությունը տարածաշրջանում կառուցի՝ հաշվի առնելով անցյալի դասերը։ Հայաստանի առջև ծառացած սպառնալիքներն ու մարտահրավերները գրեթե չեն փոխվել, քանի որ 100 տարի առաջ Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան այսօր չի հրաժարվել իր ռազմավարական շահերից:
«Այսօր մեզ համար շատ կարևոր է վերլուծել պատճառահետևանքային կապերը և հասկանալ, թե ինչու է հնարավոր դարձել մի ամբողջ ժողովրդի բնաջնջումը։ Ե՛վ Հայոց ցեղասպանությունը, և՛ Մոսկվայի, և՛ Կարսի պայմանագրերը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ու դրանից հետո տերությունների շահերի բախման հետևանք էին», - ասել է Տողանյանը։
Դեսպանը համոզված է, որ հայկական պետությունն այսօր տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիայի ֆոնին պետք է ճիշտ, արդյունավետ արտաքին քաղաքականություն մշակի:
ԵԱՀԿ գործող նախագահն Ադրբեջանից կժամանի ՀՀ. Այվազյանի հետ հանդիպումը կկայանա մարտի 16-ին