ԵՐԵՎԱՆ, 15 մարտի - Sputnik. Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը հայտնում է, որ տեր Մխիթար աբեղա Գրիգորյանը համատեղության կարգով առժամանակ ծառայության է կոչվել Արցախի թեմում` որպես Դադիվանքի վանահայր։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նշանակումներ։
«Հոգեշնորհ տեր Ներսես աբեղա Հարությունյանը, ազատվելով Եգիպտոսի հայոց թեմում ստանձնած պարտականություններից, նշանակվել է Արցախի թեմ` որպես Դադիվանքի հոգևոր սպասավոր»,–նշված է հաղորդագրության մեջ։
Միաժամանակ, Դադիվանքում իր ծառայությունը կշարունակի նաև Մանվել սարկավագ Սարգսյանը՝ ազատվելով ՀՀ ԶՈւ Հոգևոր Առաջնորդությունում ստանձնած պարտականություններից։
Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարվա նոյեմբերի վերջին Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ Դադիվանքի վանահայր տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրամանով ժամանակավոր տեղափոխվել է Սուրբ Երրորդություն եկեղեցի։
Նշվում էր, որ տեր հայրն առողջական որոշակի խնդիրներ ունի և անհրաժեշտ բուժումներ ստանալուց կրկին վերադառնալու է Դադիվանք։