Փոփոխությունները մտահոգիչ են. Հայաստանի փաստաբանների պալատն աջակցում է ՄԻՊ–ին

ՄԻՊ գրասենյակի ֆինանսավորման պակասեցումը կարող է հանգեցնել դրա բնականոն աշխատանքի խաթարմանը, ինչն էլ կարող է հանգեցնել երկրում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի վատթարացմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Հայաստանի փաստաբանների պալատը մեկնաբանել է Մարդու իրավունքների պաշտպանի շուրջ ստեղծված իրավիճակը` հայտնելով ՄԻՊ–ին իր աջակցությունը։

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին պետական բյուջեից հատկացվող միջոցների վերաբերյալ կարգավորումները փոփոխության ենթարկելու ՀՀ կառավարության նախաձեռնությունն առաջ է բերում խորը մտահոգություն: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հատկացվող միջոցների չափն առանց որևէ սահմանափակման պետական այլ մարմինների հայեցողությամբ պայմանավորելը վտանգում է ՄԻՊ–ի ազատ և անկախ աշխատանքի երաշխիքները», – գրված է Հայաստանի փաստաբանների պալատի հայտարարությունում։

ՀՀ ֆինանսների նախարարությունը պատասխանել է Արման Թաթոյանին

Պալատը բարձր գնահատականի է արժանացրել Մարդու իրավունքների պաշտպանի հետևողական գործունեությունը միջազգային հարթակներում՝ քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցերը բարձրաձայնելու և առաջ մղելու հարցում, հատկապես պատերազմի ընթացքում և հետո։

Նշվում է, որ ՄԻՊ գրասենյակի ֆինանսավորման քչացումը կարող է հանգեցնել դրա բնականոն աշխատանքի խաթարմանը, ինչն էլ կարող է բերել երկրում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի վատթարացմանը:

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը առաջարկում է ՀՀ գործադիր իշխանությանը վերանայել ՄԻՊ վերաբերյալ բացասական դիրքորոշումը և չեղարկել քննադատության առարկա օրենսդրական նախաձեռնությունը:

Նշենք, որ կառավարության մարտի 11-ի նիստում ընդունած որոշմամբ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» 2016 թվականին ընդունված սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, որով էլ ամրագրված է, որ ՄԻՊ գրասենյակի ֆինանսավորումը չի կարող ցածր լինել նախորդ տարվա բյուջեով հատկացված չափից։

Ուսուցիչներին ևս աշխատավարձի կրճատում է սպառնում. Արման Թաթոյանը կդիմի ՍԴ

Նշենք նաև, որ նույն որոշմամբ կառավարությունը համարժեք փոփոխություններ է առաջարկում նաև «Գիտական և գիտատեխնիկական գործունեության», «Կրթության մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» «Հարկային օրենսգրքում», «Տեսալսողական մեդիայի մասին», «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» և «Պետական գույքի կառավարման մասին» օրենքներում:

Արման Թաթոյանը վստահեցնում է, որ կառավարության ընդունած օրենքի փոփոխության այս առաջարկը սպառնում է իր ղեկավարած կառույցի ակտիվ գործունեությանն ու բարձրացրած խնդիրներին։

ՀՀ ՄԻՊ–ը հայտարարել է, որ օրենսդրական փաթեթի՝ ԱԺ-ում ընդունվելու դեպքում դիմելու է Սահմանադրական դատարան։