ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Ադրբեջանցի բլոգեր Աթա Աբդուլլաևին սպառնում է 5-10 տարվա ազատազրկում: Տեղեկությունը հայտնում են Sputnik Ադրբեջանի տելեգրամ–ալիքը։
Ինչպես արդեն հայտնել ենք, մարտի 13-ին Ադրբեջանում ձերբակալել են բլոգեր Աթա Աբդուլաևին։
Աբդուլլաևին մեղադրում էին շորթման ու կրկնակի իրավախախտումների մեջ։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել 4 ամիս ազատազրկումը։
Սակայն, ինչպես կարծում է փաստաբան Վուգար Բաբաևը, գործը կարող է վերաորակվել ավելի ծանր հոդվածով:
«Եթե նրան մեղադրանք առաջադրեն միայն այս հոդվածով, Աբդուլաևը կարող է դատապարտվել 5-10 տարվա ազատազրկման», - ասել է Բաբաևը` հավելելով, որ բլոգերի ունեցվածքը նույնպես կարող է առգրավվել:
Ամեն ինչ ըստ պլանի. Ադրբեջանում կրկին զորավարժություններ են մեկնարկել
Աբդուլաևը Հայաստանում հայտնի է նրանով, որ 2019 թվականի նոյեմբերին Միլանում մտել է եկեղեցի, որտեղ այդ ժամանակ տեղի էր ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Իտալիայի հայ համայնքի հետ: Ադրբեջանցին սկսել է բղավել՝ կոչ անելով Հայաստանի վարչապետին «դադարեցնել պատերազմը և վերադարձնել հողերը»։ Նա նաև մեղադրել է Հայաստանին «ադրբեջանական ժողովրդի ցեղասպանության» մեջ։