«Ժամկետը կարևոր է, քանի որ ճգնաժամը խորն է». Մարուքյանը ընտրությունների վերջնաժամկետ նշեց

ԼՀԿ ղեկավարը նշեց, որ հունիսի 1-ից հետո չեն կարող երաշխավորում ունենալ, որ խորհրդարանում վարչապետի թեկնածուի ինքնառաջադրումներ չեն լինի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի - Sputnik. «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կարծում է, որ մինչև հունիսի 1-ը պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններն ավարտված լինեն։ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Վայրկյան առաջ արտահերթ ընտրություններ են պետք․ Գագիկ Ծառուկյան

«Սա նշանակում է՝ առաջիկա տասն օրում խորհրդարանի լուծարման գործընթացը պետք է մեկնարկի։ Հունիսի 1-ից հետո մենք չենք կարող երաշխավորում ունենալ, որ խորհրդարանում վարչապետի թեկնածուի ինքնառաջադրումներ չեն լինի։ Ժամկետը կարևոր է, քանի որ ճգնաժամը խորն է, և արագ հանգուցալուծում է պետք»,–ասաց Մարուքյանը։

Նա նշեց նաև, որ այս փուլում արտահերթ ընտրություններ անցկացնելու համար կոնսենսուսի հնարավորություն կա, բայց դեռ հստակ չի կարող ասել` կոնսենսուս կա։ Ավելին, կոնսենսուսը կկայանա, եթե ընտրությունները կայանան իրենց նշած ժամկետում, իսկ եթե չէ, ապա, ըստ Մարուքյանի, վերջ, այդ թեման կարող են փակված համարել և անցնել հաջորդ հարցին։

Մարուքյանի խոսքով` այժմ արտահերթ ընտրությունների գնալը չեղարկելու պատրվակ իշխանությունը չունի, և կարծես թե դրան գնալու կամք է նկատում իշխանության շրջանում:

Փաշինյանի համար իր աթոռից թանկ բան չկա. Սաղաթելյանը` ընտրությունների կեղծման վտանգի մասին

Հարցին, թե արտահերթ ընտրություններ լինելու պարագայում ինչպե՞ս է Մարուքյանը գնահատում ԼՀԿ–ի շանսերը, հնարավո՞ր է` իշխանությունը հենց նրանք էլ վերցնեն, Մարուքյանը վստահ պատասխանեց` այո։ «Մենք արդեն խորհրդարանում ունենք մեր ներկայացուցչությունը և մասնակցելու ենք ընտրություններին` ավելիին հասնելու նպատակով»,–ասաց Մարուքյանը։

Ինչ վերաբերում է ռազմական դրությանը, ապա այն, ինչպես նշեց ԼՀԿ ղեկավարը, պետք է չեղարկվի, որպեսզի ընտրությունները կազմակերպվեն։

Հիշեցնենք՝ արտահերթ ընտրությունների օրակարգով Փաշինյանն արդեն հանդիպել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանին։ «Բարգավաճ Հայաստանը» չէր ընդունել վարչապետի հրավերը: Հանդիպումից հետո «Լուսավոր Հայաստանը» հայտնել էր, որ դեռ վերջնական որոշում չունի՝ Փաշինյանի հետ ընտրությունների անցկացման հուշագիր կստորագրի, թե ոչ։ Այսօր Մարուքյանը հայտարարել է, որ հուշագիր չեն ստորագրելու: