Ժամանակը դեռ չի բուժել այդ վերքերը. ինչ դասեր է քաղել պատերազմից երիտասարդ իրավաբանը

20-ամյակը նոր բոլորած շարքայինի կյանքը պատերազմը գլխիվայր փոխեց. նա սկսեց վերաարժևորել ամեն օրն ու կարևորել ամեն վայրկյանը, բայց տեսածն ու վերապրածը մոռանալ չի ստացվում:
Sputnik

3 ամիս էր մնացել Ռաֆոյի՝ Ռաֆայել Խաչատրյանի պարտադիր զինվորական ծառայության ավարտին, երբ պատերազմը սկսվեց:  Ծառայության էր անցել Հադրութի ( առաջին) պաշտպանական շրջանում, հրետանավոր էր: Պատերազմն ազդարարվեց ուժեղ աղմուկով։

«Ինձ համար պատերազմը հենց այդ թուրքական «Բայրաքթարի» ձայնով ու մեր դեպքերի նկատմամբ ինտենսիվ կրակոցներով սկսվեց»,-պատմում է երիտասարդը՝ վստահեցնելով, իրական մարտաֆիլմ  հիշեցնող այդ տեսարանից իրեն չի կորցրել:

Ժամանակը դեռ չի բուժել այդ վերքերը. ինչ դասեր է քաղել պատերազմից երիտասարդ իրավաբանը

Խոսակցության ընթացքում պարբերաբար հիշում է ընկերներն, ովքեր իրեն ուժ էին տալիս. նրանց թվում էր նաև պայմանագրային Սասունը: «Եթե ինձ ասեն` հայրենասեր մարդու անուն տուր, անպայման արցախցի Սասունին կհիշեմ՝ իրար հետ ենք մեր վիրավոր ընկերներին կրակահերթերի տակից դուրս բերել։ Նույնիսկ ծանր վիրավոր վիճակում, բոլորին դուխ էր տալիս ու երգում. «Պատերազմ եք գնում, բարով գնացեք»: Սասունն արյունահոսությունից մահացավ, իմ ձեռքերի մեջ»,-հազիվ զսպելով արցունքները` պատմում է Ռաֆոն:

Երիտասարդ հրետանավորն առաջին անգամ վիրավորվեց  զինակից վիրավոր ընկերներին մարտի դաշտից բերելու ժամանակ: Չնայած բավական ծանր վերքերին, այսօր թեթևությամբ է հիշում դրանց մասին։ Փոխարենը ընկերների կորուստի հետ չի հաշտվում՝ ժամանակը դեռ չի բուժել ու վստահ էլ չէ, որ կբուժի այդ վերքերը: «Հարվածային ալիքից վնասվել էին ներքին օրգաններս, ստացել էի նաև կոնտուզիա: Հիմա լավ եմ: Դժվարն ընկերոջ կորուստն է, ամեն կորուստի հետ քո գիտակցության մի մասն է մեռնում»,-ասում է  երիտասարդը։ 

«Թուրքերը վերջանան, պապան տուն կգա...». Տիգրանի 5-ամյա դուստրը սպասում է նրա վերադարձին...

Իրենց գումարտակի հրամանատարը՝ փոխգնդապետ Էռնեստ Վարդանյանը, ընկերների կյանքը փրկելու համար Ռաֆայելին ներկայացրել է «Արիության մեդալի», սակայն չհասցրեց իր այս որոշման մասին ավելի վերևներին տեղեկացնել, զոհվեց:

Պատերազմի 44 օրերի ընթացքում մահ ու կյանք տեսած երիտասարդը փորձում է իր հիշողությունից շատ բան ջնջել, նաև այն, որ ստիպված է եղել թշնամուն սպանել: «Հավատացեք, մինչ օրս եկեղեցի չեմ կարողանում մտնել, չեմ կարողանում ինձ ներել, թեև գիտակցում եմ՝ պատերազմի ժամանակ եթե ոչ դու, ապա՝  քեզ։ Ինձ նույնիսկ չի մխիթարում այն, որ նրանց ձեռքով իմ շատ ընկերներն  են զոհվել. իմ էությունը դա դժվար է ընդունում»:

Պատերազմի դասերը շատ են՝ նախապես չպլանավորել, չապրել ապագայով, գնահատել ժամանակն ու լավ մարդկանց: «Պատերազմից հետո ամեն հարցում՝ նույնիսկ ամենամանր կենցաղային, փորձում եմ անկեղծ լինել»,-ասում է Ռաֆոն:  Հիշում է՝ պատերազմի ժամանակ իրեն անկեղծ ժպիտ է  պարգևել կրտսեր եղբոր հեռախոսազրույցը։ «Մի օր եղբայրս վերցրեց հեռախոսն ու հարցրեց. «Ռա՛ֆ, «Իսկանդեր» կրակե՞լ եք»։ Ասում եմ՝ ո՛չ, շարունակում է` «Գրա՞դ», ասում եմ՝ ո՛չ: Եղբայրս զարմացած պատասխանում է՝ բա դուք էդտեղ ի՞նչ կենեք»:

Պատմում է, որ ծառայության ընթացքում, երբ հանգիստ ժամանակ էին ունենում,  ընկերոջ հետ փորձում էին «խաղաղություն վերագտնել»  գրքերում՝ հատկապես Նարինե Աբգարյանի ստեղծագործություններում:  «Նարինե Աբգարյանի գրքերի հետ ո՛չ ձմռան ցուրտն էինք զգում, ո՛չ ամռան  շոգը, ո՛չ  ցեխն ու դժվարությունները»:

Ժամանակը դեռ չի բուժել այդ վերքերը. ինչ դասեր է քաղել պատերազմից երիտասարդ իրավաբանը

Անկեղծանում է՝ թեև  իրավաբան է դառնալու, արվեստն իրեն ավելի հոգեհարազատ է, բայց պատերազմի օրերը փորձում է մոռանալ արվեստի միջոցով։ Ընկերների հետ վավերագրական ֆիլմ է նկարահանում պատերազմում զոհված ընկերոջ՝ երիտասարդ նկարիչ Հովհաննես (Ջոն) Մազմանյանի մասին: «Այս ֆիլմն ինձ օգնում է չխելագարվել, փրկում է ծանր մտքերից ու նաև ընկերոջս անմահացնելու լավագույն տարբերակ է»,-անկեղծանում է նա։ Ֆիլմից բացի ազատ ժամերին Ռաֆայելը նաև ստեղծագործում է, պատերազմի օրերին է սկսել միտքը գրչին հանձնել:

«Արնաքամ էի լինում. տաք օր էր, բայց ահավոր մրսում էի»․ աչքը կորցրած զինվորն ամուսնանում է

Ամեն ինչ հարթ ընթանալու դեպքում արդեն մեկ ամսից ֆիլմը կներկայացվի հանրությանը: Երիտասարդը պատերազմ անցած շատերի նման մեկ երազանք ունի՝ այլևս կարիք չլինի նորից այդ ամենի միջով անցնելու: