«Իշխանությունը չի հասկացել` ինչին է ձեռք տալիս». Մարուքյանը` ՄԻՊ-ին առնչվող նախագծի մասին

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարծում է, որ կառավարության նախագիծն Ազգային ժողովում չի անցնելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի - Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի նկատմամբ նման ոտնձգությունը խստիվ դատապարտելի է։ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը` անդրադառնալով կառավարության նախաձեռնությանը, որով առաջարկվում է նվազեցնել ՄԻՊ տարեկան ֆինանսավորումը:

«Կարծում եմ` այդ նախագիծը խորհրդարանում չի անցնի, կտապալվի։ Ավելին, ես որպես ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի անդամ, որպես միջազգային կառույցների անդամ` ազդակներ ունեմ մեր միջազգային գործընկերներից, որոնք նույնպես դատապարտում են այդ նախագիծը»,–ասաց Մարուքյանը։

Նա կարծում է, որ իշխանությունները չեն հասկացել` ինչ են արել, ինչին են ձեռք տալիս և իրենց ձեռքերն արագ հետ կքաշեն։ ԼՀԿ–ական պատգամավորը չբացառեց, որ երբ նախագիծը հասնի ԱԺ, իշխանական պատգամավորների շարքերում կլինեն ոմանք, ովքեր դեմ կքվեարկեն։

Թաթոյանն առաջնակարգ օմբուդսման է․ Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան

Մարուքյանը կարծում է, որ այս խնդիրն ինչպես ինստիտուցիոնալ է, այնպես էլ կարող է կապված լինել նաև ՄԻՊ–ի անձի հետ։

Փաշինյանի խոսնակը պատասխանել է Թաթոյանին

Հիշեցնենք, որ կառավարության ընդունած որոշմամբ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» 2016 թվականին ընդունված սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, որով էլ ամրագրված է, որ ՄԻՊ գրասենյակի ֆինանսավորումը չի կարող ցածր լինել նախորդ տարվա բյուջեով հատկացված չափից։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մարտի 13-ին հայտարարեց, որ կառավարությունը փորձում է վերացնել ՄԻՊ–ի անկախությունը։