ԵՐԵՎԱՆ, 15 մարտի - Sputnik. «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել, որտեղ ներկայացրել է իր տեսակետը արտահերթ ընտրությունների մասին և երկիրն այս վիճակից բերելու առաջարկները:
«Մեր երկիրն, անցնելով խայտառակ ու աղետալի կապիտուլյացիայի միջով, այժմ կանգնած է նոր աղետի շեմին՝ անվտանգային, քաղաքական, սոցիալ-տնտեսական, համակարգային խորացող ճգնաժամ»,–գրել է նա:
Նման պայմաններում ի՞նչ լուծումներ են առաջարկվում երկիրն այս վիճակից հանելու համար: Որո՞նք են ընդդիմության և իշխանության տարբերակները։
Տարբերակ 1. Առաջարկում է Հայրենիքի փրկության շարժումը
Ցույցերի և անհնազանդության գործողությունների միջոցով ձևավորել համազգային շարժում՝ պարտադրելով այս իշխանությանը հեռանալ: Ազգային ժողովի միջոցով ընտրել նոր վարչապետ, որը չի լինի իշխող ուժից, կձևավորի ժամանակավոր կառավարություն, կկայունացնի երկրում իրավիճակը և մեկ տարի անց կկազմակերպի արդար խորհրդարանական ընտրություններ՝ չմասնակցելով այդ ընտրություններին և հեռանալով իշխանությունից:
Տարբերակ 2. Ցանկանում է ժողովրդի մի զգալի մասը
Բանակը վերցնում է իշխանությունը՝ ձևավորելով ժամանակավոր ադմինիստրացիա, և որոշ ժամանակ անց տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ: Կամ նույնը լինում է ժողովրդական ապստամբության միջոցով:
Այս տարբերակը վտանգավոր է համարվում այն պատճառաբանությամբ, որ այդ ճանապարհով ձևավորված ժամանակավոր իշխանությունն արտաքին աշխարհի կողմից կընկալվի ոչ լեգիտիմ:
Կարծում եմ՝ այս դեպքում վտանգը չափազանցված է, հատկապես, որ առաջարկվում է ժամանակավոր շրջան, որից հետո տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ: Ներկա իրավիճակից ավելի վտանգավոր վիճակ ստեղծվել չի կարող: Այդ ժամանակահատվածում մենք կհամագործակցենք մեր բնական դաշնակիցների հետ, մեր թշնամիները կզգուշանան:
Տարբերակ 3. Առաջարկվում է իշխանության կողմից (մի կողմ թողնենք, որ այդ առաջարկությունն ամենայն հավանականությամբ քաղաքական խաղ է և ոչ իրականանալիք տարբերակ)
Հապճեպ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ Նիկոլ Փաշինյանի օրոք (կամ ձևականորեն նրա թիմից որևէ մեկին վարչապետ նշանակելով):
Փաշինյանի համար իր աթոռից թանկ բան չկա. Սաղաթելյանը` ընտրությունների կեղծման վտանգի մասին
«Այս տարբերակն ամենավտանգավորն է, որը մեծ հարված կհասցնի Հայաստանին և իր խայտառակ հետևանքներով էապես կխորացնի կապիտուլյացիայի խայտառակությանը: Այս քաոսի, պառակտման, արտաքին վտանգի ներքո ընտրությունների անցկացումն անհեթեթություն է և մեր երկիրը ոչ թե կհանի այս վիճակից, այլ ավելի կխորացնի իրավիճակը: Խնդիրը պետության գահավիժման կասեցումն է, որը պահանջում է ներկա իշխանության հեռացում»,–կարծում է ընդդիմության վարչապետի միասնական թեկնածուն:
Նա հիշեցրել է, որ Հայաստանում իշխանությունն ընտրությունների միջոցով մշտապես վերարտադրվել է: Երբեք ընդդիմությունը չի եկել իշխանության ընտրությունների միջոցով (նույնիսկ 2018 թվականի ընտրություններին, քանի որ այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանն արդեն վարչապետ էր):
Իշխանության վերարտադրման «գաղտնիքը» շատ պարզ է.
• իշխանական լծակներ,
• ֆինանսական միջոցներ՝ ինչպես պետական, այնպես էլ անձնական,
• և ի վերջո՝ իշխանության հնարավորությունը՝ կեղծել ընտրությունների արդյունքները և ուժով պահել իշխանությունը:
Նրա խոսքով` այս ամենն ամենավատ ձևով իրականացնելու բոլոր պայմաններն այս իշխանությունների օրոք առկա են: Բայց այս ամենին ավելացել է ևս մի բան, որը նախկինում չկար՝ արտաքին ուժերի միջամտությունը: Մեր պայքարն այսօր ոչ միայն այս իշխանության դեմ է, այլ ավելի շատ այս իշխանությանը և դրա միջոցով նաև Հայաստանը վերահսկող հզոր արտաքին ուժերի դեմ, որոնք մեր երկրում ունեն լրտեսական լայն ցանց և ժողովրդին մանիպուլյացիայի ենթարկող քարոզչական ցանց, որն իր արդյունավետությունն արդեն ապացուցել է:
Մանուկյանը նշում է, որ նման պայմաններում միամտություն է կարծել, որ ընդդիմադիր, հայրենիքը փրկել ցանկացող ուժերն այս ընտրությունների միջոցով հաղթանակ կունենան:
«Պատահական չէ, որ մեր կողմից մինչև ընտրությունների անցկացումն առաջարկվում է մեկ տարի ժամկետ, որի ընթացքում պետք է նախևառաջ մեր երկիրն ազատենք լրտեսական ցանցից և արտաքին ազդեցությունից, նաև պարտադրելով ժամանակավոր կառավարության վարչապետին չմասնակցել իր օրոք կազմակերպվող ընտրություններին՝ բացառել ընտրություններում իշխանական լծակների չարաշահումը»,–գրել է նա:
Մանուկյանի խոսքով` միայն այն փաստը, որ ներկա իշխանությունն է անցկացնում ընտրությունները, արդեն իսկ կնշանակի լեգիտիմացնել մեր կորուստներն ու պարտությունը:
Հետևաբար ի՞նչ է պետք անել:
Ըստ ընդդիմության վարչապետի միասնական թեկնածուի` պետք է ամեն գնով կանխել այս իշխանության օրոք արտահերթ ընտրությունների անցկացումը: Իսկ եթե, այնուամենայնիվ, իշխանությունը գնա այդ քայլին և հայտարարի ընտրությունների մասին, ապա պետք է հեռացնել այս իշխանությանը մինչև նախընտրական գործընթացի սկիզբը: