«Դիլիջան ազգային պարկի» անտառապահին կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրվել

Անտառապահը յուրաքանչյուր ծառի համար 5000 դրամ է վերցրել ու թույլ տվել, որ հատեն ծառերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Շամախյան տեղամաս-մասնաճյուղի թիվ 10-րդ պահաբաժնի անտառապահին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Տղամարդն անհետ կորած զինվորի հորից խոշոր կաշառք է ուզել. ԱԱԾ–ն տեսանյութ է հրապարակել

Պարզվել է, որ նա, հանդիսանալով նյութական պատասխանատու անձ, ունենալով հիշյալ պահաբաժնի բուսական և կենդանական աշխարհի պահպանությունն ապահովելու, իրեն ամրակցված պահաբաժնի տարածքում բնապահպանական և բնօգտագործման ռեժիմը խախտող ցանկացած գործողություն կանխելու պարտականություններ, Դիլիջան քաղաքի բնակչի կողմից ապօրինի կերպով ծառեր հատելու և այդ ծառերից ստացված յուրաքանչյուր մեկ խմ վառելափայտի դիմաց 5000 ՀՀ դրամ գումար վերցնելու հարցի շուրջ վերջինիս հետ պայմանավորվածություն է ձեռք բերել:

Արդյունքում, չկատարելով իր վրա դրված պարտավորությունները և ակնհայտ ապօրինի անգործություն դրսևորելով` թույլատրել է 2020թ. նոյեմբերի վերջերին հիշյալ պահաբաժնից ապօրինի հատել 8 հատ բոխի, 3 հատ լորենի, 2 հատ հաճարենի, 1 հատ հացենի և 1 հատ թեղի տեսակի թաց կանգուն ծառեր՝ պետությանը պատճառելով, նախնական տվյալներով, 1.925.000 ՀՀ դրամի վնաս:

ՊՆ գնդապետը կաշառք է վերցրել պատերազմին զինծառայողներին առաջնագիծ չուղարկելու համար

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, առգրավումներ, առերես հարցաքննություն:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ անտառապահին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) 2-րդ մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան` անտառապահի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է, իսկ Դիլիջան քաղաքի բնակչի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

ԱԱԾ-ն կոռուպցիոն երևույթներ է բացահայտել Մեղրիի անցակետում. 6 հոգու կալանավորել են