ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկում է Հայաստանում վերացնել ռազմական դրությունը։
Պատգամավոր Արման Աբովյանն ասաց, որ հարցը պետք է քննարկվեր ԱԺ նիստի ժամանակ, սակայն իշխանական պատգամավորների բացակայության պատճառով այն տեղափոխվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստ։
«Ռազմական դրությունն ամբողջ ծավալով ոչ միայն չի համապատասխանում իրավիճակին, այլև մեծ սպառնալիք է ներկայացնում բոլոր քաղաքական գործընթացների համար։ Մենք տեսնում ենք` քաղաքական գործընթացները որքան ծանր են ընթանում մեր երկրում», - ասաց Աբովյանը նիստի ժամանակ։
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստի նախագահ Անդրանիկ Քոչարյանը առարկեց Աբովյանին` ասելով, որ ռազմական դրությունը քաղաքական բնույթ չունի։
«Դեմիրճյան փողոցը փակել են, Բաղրամյանը փակել են, ինչքան ուզում են միտինգ են անում», – մանրամասնեց Քոչարյանը։
Աբովյանն էլ ասաց, որ խնդիրը նաև հոգեբանական է։
«Ռազմական դրությունը թույլ չի տալիս վարչապետի հրաժարականի գործընթացն իրականացնել, արտահերթ ընտրություններ անցկացնել։ Դանակը հասել է ոսկորին, ամեն ինչ լարված է, իրավիճակը ռադիկալանում է», – ասաց Աբովյանը։
Իմքայլական Հայկ Կոնջորյանը առարկեց` ասելով, որ ռազմական դրությունը չի խանգարում դրսում հավաքված մարդկանց ատելության խոսք հնչեցնել և ռադիկալ լինել։
Ինչո՞ւ է Հայաստանում պահպանվում ռազմական դրությունը. Նաիրա Զոհրաբյան
Նշենք, որ ռազմական դրությունը ներդրվել է 2020-ի սեպտեմբերի 27-ին` Արցախյան պատերազմի հենց առաջին օրը: Փետրվարի 26-ին խորհրդարանը պետք է քննարկեր այս հարցով Ազգային ժողովի արտահերթ նիստ անցկացնելու ընդդիմադիր պատգամավորների առաջարկը, բայց նիստը տեղի չի ունեցել։