Արթուր Վանեցյանի նկատմամբ հարուցված հերթական քրեական գործը կարճվել է

Հունվարին ՀՔԾ-ն մեկ այլ գործ արդեն կարճել է, որով Վանեցյանին վերագրվում էր պաշտոնեական լիազորությունները ենթադրաբար անցնելու դեպք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի - Sputnik. ՀՔԾ-ն կարճել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի նկատմամբ հարուցված հերթական քրեական գործը:

Վանեցյանն ասաց` ինչ կլինի, եթե Փաշինյանի օրոք ընտրություն կազմակերպվի

Այս մասին հայտնում է pastinfo.am-ը՝ նշելով, որ խոսքը կազմակերպված խմբի հետ ապօրինի զենք-զինամթերք պահելուն վերաբերող գործի մասին է:

Լրատվամիջոցի տեղեկություններով, անցած շուրջ 8 ամիսների ընթացքում ՀՔԾ-ին չի հաջողվել ոչ միայն ցուցմունք ստանալ, այլ նաև որևէ ապացույց գտնել՝ Արթուր Վանեցյանին և ԱԱԾ-ի մյուս աշխատակիցներին՝ ապօրինի զենքի դրվագով մեղադրանք առաջադրելու համար, ուստի ՀՔԾ-ին ոչինչ չի մնացել, քան որոշում կայացնել բոլորի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, խափանման միջոցները վերացնելու և քրեական վարույթը կարճելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Նշենք, որ Sputnik Արմենիան փորձեց այս գործի մասին տեղեկություն ստանալ ՀՔԾ-ից: Բայց այստեղ լուրը ո՛չ հերքեցին, ո՛չ հաստատեցին:

Հիշեցնենք, որ հունվարին ՀՔԾ-ն մեկ այլ գործ արդեն կարճել է, որով Վանեցյանին վերագրվում էր պաշտոնեական լիազորությունները ենթադրաբար անցնելու դեպք. նախաքննական մարմինը արձանագրել էր, որ Վանեցյանի գործողություններում բացակայում է հանցակազմը։

Փաստաբանները դիմել են դատարան. բողոքարկում են դատախազության ու ՀՔԾ–ի անգործությունը