Կապանի դիրքերից մեկի մասին բարձրաձայնած հրամանատարը կանչվել է Ռազմական ոստիկանություն

Տեղական ինքնակառավարման մարմինների բարձրաձայնված խնդիրների մի մասը լուծվել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik․ Կապանի դիրքերից մեկի հետ կապված խնդիրները տեսանյութում բարձրաձայնած զինվորականներից մեկը կանչվել է Ռազմական ոստիկանություն։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Նրա տեղեկություններով՝ խոսքը հենակետի հրամանատարի՝ կամավորական Արտակ Հարությունյանի մասին է։
«Հիմա միասին գնում ենք»,- գրել է Մելիքյանը։

Միջադեպ Կապանում. ռուս սահմանապահները БТР–ով փակել են ադրբեջանցիների ճանապարհը

Նա հավելել է, որ զինվորականին ՌՈ կանչելն անհասկանալի է։ Իրենց ունեցած տեղեկություններով՝ բարձրաձայնման արդյունքում տեղական ինքնակառավարման մարմինների ջանքերով խնդիրներն արդեն իսկ մասամբ լուծվել են։

Նշենք, որ այսօր սոցիալական ցանցերում տեսանյութ էր տարածվել, որում Կապանի մոտ գտնվող մարտական հենակետերից մեկի զինծառայողները ցույց են տալիս այն անմարդկային պայմանները, որոնցում իրենք մնում են։ Զինծառայողների խոսքով՝ իրենց ոչ մի բանով չեն ապահովում, չունեն ջուր, տաքանալու հնարավորություն։

Զինծառայողները նշում են, թե իրենց ասվել է՝ «պոստը թողեք», սակայն իրենք չեն թողել։ Իրենց խոսքով՝ ոչ ռազմական ոստիկանությունն է աշխատում, ոչ էլ ԱԱԾ-ն, ադրբեջանցիներն էլ օրերս հանգիստ մտել են Կապան, նկարել ու հեռացել։

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն անդրադարձել էր տեսանյութին՝ նշելով, համապատասխան մարմիններն արդեն զբաղվում են հարցով։

Նրա տեղեկացմամբ՝ Գորիսի կայազորի զինվորական դատախազի հանձնարարությամբ հրապարակված տեսանյութի առթիվ ՊՆ Կապանի ՌՈ բաժնում նախապատրաստվում են նյութեր՝ «ծառայության պայմանների, կազմակերպման հանգամանքների ստուգման, դրանցում առերևույթ հանցավոր մոտեցման առկայությունը պարզելու և ըստ այդմ՝ ընթացքը լուծելու նպատակով»։

Կապանի օդանավակայանի մոտ տնակ է այրվել