ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik․ Սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում է տեսանյութ՝ Կապան քաղաքի մոտ ՀՀ ԶՈւ մարտական հենակետում տիրող վիճակի մասին։ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է տարածվող տեսանյութին, որում նաև զինծառայողները խոսում են իրենց տրված որոշ հրամանների կամ հանձնարարության մասին։
«Գորիսի կայազորի զինվորական դատախազ Հայկ Մարգարյանի հանձնարարությամբ հրապարակված այդ տեսանյութի առթիվ ՀՀ ՊՆ Կապանի ռազմական ոստիկանության բաժնում քրեադատավարական կարգով նախապատրաստվում են նյութեր՝ ծառայության պայմանների, կազմակերպման հանգամանքների ստուգման, դրանցում առերևույթ հանցավոր մոտեցման առկայությունը պարզելու և ըստ այդմ՝ ընթացքը լուծելու նպատակով»,- տեղեկացնում է Աբրահամյանը։
Նշենք, որ տարածվող տեսանյութում զինծառայողները ցույց են տալիս այն անմարդկային պայմանները, որոնցում իրենք մնում են մարտական հենակետում։ Զինծառայողների խոսքով՝ իրենց ոչ մի բանով չեն ապահովում, չունեն ջուր, տաքանալու հնարավորություն։
Զինծառայողները նշում են, թե իրենց ասվել է՝ «պոստը թողեք», սակայն իրենք չեն թողել։ Իրենց խոսքով՝ ոչ ռազմական ոստիկանությունն է աշխատում, ոչ էլ ԱԱԾ-ն, ադրբեջանցիներն էլ օրերս հանգիստ մտել են Կապան, նկարել ու հեռացել։
Գորիսից Որոտան, Շուռնուխ և Կապան տանող 21 կմ-ն Ադրբեջանի վերահսկողության տակ է. Թաթոյան