Հայերը շտապում են ամուսնանալ․ համավարակն ազդե՞լ է ամուսնությունների ու ծնելիության վրա

Արտասահմանյան մի շարք երկրներում կորոնավիրուսի համավարակն ու սահմանափակումները խիստ բացասական ազդեցություն են ունեցել ծնելիության մակարդակի վրա։ Սոցիալական հարցերի փորձագետը պատմում է, թե ինչպիսի իրավիճակ է Հայաստանում։
Sputnik

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրական ծրագրերի բաժնի պետ Արտակ Մարկոսյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ Հայաստանում համավարակն ավելի շատ ազդել է գրանցված ամուսնությունների թվի, քան ծնելիության վրա։

2019թ․-ի համեմատ 2020թ․-ին գրանցված ամուսնությունների թիվն օբյեկտիվ պատճառներով նվազել է 3383-ով։ Ի դեպ, վիճակագրությունը հաշվի չի առնում այն դեպքերը, երբ զույգերն ընտանիք են կազմում առանց պաշտոնական գրանցման։

Հայերը շտապում են ամուսնանալ․ համավարակն ազդե՞լ է ամուսնությունների ու ծնելիության վրա

«Բայց այն զույգերը, որոնք ստիպված են եղել հարսանիքը կամ ամուսնության գրանցումը հետաձգել COVID-19-ի հետ կապված սահմանափակումների, ինչպես նաև Արցախում վերջին պատերազմի պատճառով, հիմա կսկսեն ընտանիքներ ստեղծել։ Այս տարվա հունվարին ամուսնությունների թիվը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ավելացել է 120-ով»,-ասաց Մարկոսյանը։

«Թուրքերը վերջանան, պապան տուն կգա...». Տիգրանի 5-ամյա դուստրը սպասում է նրա վերադարձին...

Ինչ վերաբերում է ծնելիությանը, ապա, փորձագետի կարծիքով, 2020թ․-ի ցուցանիշներով կորոնավիրուսի համավարակն առանձնապես ազդեցություն չի ունեցել։

Վիճակագրական կոմիտեի տվյալներով` 2020թ․-ի դեկտեմբերին լույս աշխարհ է եկել 3007 երեխա (67-ով պակաս, քան 2019թ․-ի դեկտեմբերին)։ Իսկ 2021թ․-ի հունվարին երկրում 2795 երեխա է ծնվել։ Նախորդ տարի այդ թիվը 2846 էր։ Այսպիսով, դեկտեմբերին և հունվարին ծնելիությունը Հայաստանում նվազել է 7,2 տոկոսով։

Հետաքրքիր է, որ եվրոպական զարգացած երկրներում, ինչպես նաև Ամերիկայի որոշ նահանգներում այս ցուցանիշը շատ ավելի բարձր է։ Այսպես, իսպանական «Elpais» պարբերականի տվյալներով՝ Իսպանիայում դեկտեմբեր-հունվարին ծնելիությունը նվազել է գրեթե 23 տոկոսով։

Նմանատիպ միտում է նկատվում նաև Իսպանիայի հարևան երկրներում։ Օրինակ՝ Իտալիայում անկումը մոտ 22 տոկոս է։ Ֆրանսիայում այդ թիվն ավելի փոքր է՝ 13 տոկոս։ Ամերիկայի մի շարք հատվածներում, օրինակ` Ֆլորիդայում, Կալիֆոռնիայում կամ Հավայան կղզիներում, նույն ժամանակահատվածում ծնելիությունը կրճատվել է 5-20 տոկոսով։

Ի՞նչ անել, որ Հայաստանի գյուղական համայնքներն անմարդաբնակ կղզյակների չվերածվեն

Սակայն, մասնագետի խոսքով, մեկ-երկու ամիսը չափազանց փոքր ժամանակահատված է որևէ կանխատեսում անելու համար։ Չէ՞ որ դեռ չի ուսումնասիրվել, թե ծնելիության վրա ինչ ազդեցություն են ունեցել համավարակն ու 44-օրյա պատերազմը։ Պետք է սպասել առնվազն վեց ամսվա արդյունքներին՝ այդ ոլորտում ուսումնասիրություն կատարելու համար։

«Միայն տարվա երկրորդ կեսին պարզ կդառնա պատերազմի և համավարակի ազդեցությունը։ Բայց, այնուամենայնիվ, նման ցնցումներն ու անկայուն տնտեսական իրավիճակը հազիվ թե նպաստեն ծնելիության աճին»,-ավելացրեց փորձագետը։

Միաժամանակ, Մարկոսյանի կարծիքով, ծնելիության կտրուկ նվազումից կարող են փրկել սոցիալական ծրագրերը։ Հիշեցնենք՝ անցած տարվա հուլիսից ավելացել են երեխայի ծննդի և խնամքի նպաստները։ Նախկինում առաջին երեխայի ծննդյան նպաստը կազմում էր 50 հազար դրամ, երկրորդինը՝ 150 հազար դրամ։ Հիմա երկուսի դեպքում էլ այն կազմում է 300 հազարական դրամ։ Երրորդ և չորրորդ երեխայի նպաստը 1 միլիոն դրամ է, հինգերորդ և ավելի երեխայի դեպքում՝ մեկուկես միլիոն։ Ընդ որում` 500 հազար դրամն ընտանիքին է փոխանցվում անմիջապես, իսկ մնացածը՝ ամսական 50 հազարական դրամներով։