Գարուն է ու ձյուն, բուք, մառախուղ, մերկասառույց․ ի՞նչ վիճակ է ճանապարհներին

Լարսը բաց է, սակայն ռուսական կողմում շարունակում են կուտակված լինել 450-ից ավելի բեռնատարներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik․Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացնում է տեղեկություններ հանրապետության ավտոճանապարհների վիճակի մասին։ 20։40-ի տվյալներով՝ փակ են Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը և Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Գնդևազ ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար։

Բախվել են մոտոցիկլետն ու Opel-ը. մոտոցիկլավարը տեղում մահացել է

Դժվարանցանելի են Սյունիքի մարզի Սիսիան-Զանգեր, Գորիս-Կապան ավտոճանապարհը, Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհները, իսկ Վարդենյաց լեռնանցքըդժվարանցանելի է բեռնատարների համար:

«Լոռու և Սյունիքի մարզերի, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհներին, Արարատի մարզի Լանջառ-Վեդի, Վանաձոր-Դիլիջան քաղաքների ավտոճանապահներին տեղ-տեղ առկա է մերկասառույց»,- նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը լրացնում է եղած տեղեկությունները․ ժամը 18։00-ի դրությամբ, բքի և մերկասառույցի պատճառով Հարժիսի խաչմերուկից մինչև Տաթևի խաչմերուկ ճանապարհահատվածը բոլոր տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։

«Բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Տաթև-Աղվանի ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Հայաստանում 12-15 աստիճանով կտաքանա. եղանակի տեսություն

Ինչ վերաբերում է Լարսին, ապա Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում կա մոտ 455 կուտակված բեռնատար ավտոմեքենա: Նշենք, որ առավոտյան այս թիվն անցնում էր 500-ը։