ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Ադրբեջան․ քննարկվելու է ԼՂ հակամարտությունը

Նախատեսված են հանդիպումներ ոչ միայն ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների, այլև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik․ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն մարտի 15-ին կայցելի Ադրբեջան: Նախատեսված են հանդիպումներ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Տեղեկությունը հայտնում է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը:

ՌԴ ԱԳ փոխնախարարը և Հարավային Կովկասում ԵԱՀԿ ներկայացուցիչը քննարկել են Արցախի հարցը

«Անն Լինդեն Ադրբեջանում հանդիպումներ կունենա նախագահ Իլհամ Ալիևի, արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և վարչապետ Ալի Ասադովի հետ։ Քննարկվելու են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և ԵԱՀԿ շարունակական դերակատարությունը հակամարտության կարգավորման գործընթացում: Անդրադարձ է արվելու նաև այն հարցին, թե ինչպես ամրապնդել համագործակցությունը ԵԱՀԿ-ի և Ադրբեջանի միջև»,- նշված է հաղորդագրությունում:

ԱՆՆ Լինդեն հանդիպումներ է ունենալու նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Հիշեցնենք՝ մարտի 10-ին ԵԱՀԿ գործող նախագահը Twitter-ի իր էջում գրառում էր կատարելով՝ տեղեկացնելով, որ առաջիկայում կայցելի Հայաստան և Ադրբեջան: Շվեդիայի արտգործնախարարը ԵԱՀԿ-ում նախագահությունը ստանձնել է 2020-ի տարեվերջին։

Լինդեն, սակայն, այս տարվա փետրվարին այցելել էր տարածաշրջան. նա եղել էր Վրաստանում, որից հետո այցելել էր Մոլդովա։

ԵԱՀԿ գործող նախագահի կարգավիճակում նա դեռ չի եղել Հայաստանում և Ադրբեջանում։

Ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 2-ին Մոսկվայում հանդիպել էր Անն Լինդեի հետ: Հանդիպմանը քննարկվել էր նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը։

Իրավիճակը պետք է հանդարտվի առանց բռնության. ԵԱՀԿ նախագահը` հայաստանյան դեպքերի մասին

Իսկ հունվարի 20–ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հետպատերազմական իրադրության հարցն ԱԳ նախարար Արա Այվազյանը քննարկել էր ՀՀ-ում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների՝ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի, Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթի և ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ։

Հանդիպման ժամանակ ընդգծվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը: