Երևանում իրավիճակը թեժանում է. ընդդիմադիրների ու ոստիկանների միջև քաշքշուկ սկսվեց

Ոստիկանները նկատեցին ՀՀ նախագահի նստավայրի հակառակ կողմից մոտեցող քաղաքացիներին, փորձեցին փակել նրանց ճանապարհը, և իրավիճակը սրվեց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. ՀՀ նախագահի նստավայրի մոտ բողոքի ակցիա անող քաղաքացիներին հաջողվեց շրջանցել ոստիկանության պատնեշներն ու հակառակ կողմից հասնել նախագահի նստավայր։

Դրա համար ցուցարարները ՀՀ գիտությունների ակադեմիայի բակով անցան Զարուբյան փողոց ու այնտեղից դուրս եկան դեպի Սիլվա Կապուտիկյան փողոցի` ՀՀ նախագահի նստավայրին հարող հատվածը։

Ոստիկանները, նկատելով հակառակ կողմից մոտեցող քաղաքացիներին, փորձեցին փակել նրանց ճանապարհը, ինչի հետևանքով բախումներ սկսվեցին ոստիկանների ու քաղաքացիների միջև։

Բախումները դադարեցին միայն այն բանից հետո, երբ ակցիայի կազմակերպիչները մասնակիցներին կոչ արեցին դադարեցնել հրմշտոցն ու մնալ տեղերում` սպասելով մինչև Նիկոլ Փաշինյանը դուրս գա ՀՀ նախագահի նստավայրից։

Քաղաքացիներն այս պահին էլ կանգնած են Զարուբյան–Կապուտիկյան փողոցների խաչմերուկում։

Ոստիկանական շարքերը շարունակում են փակ պահել դեպի նախագահական տանող բոլոր փողոցները։

Հիշեցնենք` Հայրենիքի փրկության շարժման համակիրներն այսօր հավաքվել էին ՀՀ կառավարության 2-րդ մասնաշենքի դիմաց՝ խոչընդոտելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը ԱԳՆ շենք։

Ոստիկանությունը շրջափակել է ԱԳՆ շենքը, որպեսզի ընդդիմությունն ակցիա չանցկացնի. տեսանյութ

Բանն այն է, որ Փաշինյանը մարտի 2-ին` Դիվանագետի օրը, խախտելով ՀՀ գործադիր իշխանությունում ձևավորված ավանդույթը, ԱԳՆ չէր այցելել։ Փոխարենը նա որոշել է ԱԳՆ աշխատակիցների հետ հանդիպել այսօր։ Ընդդիմությունն էլ նախապես հայտարարել էր, որ փորձելու է փակել վարչապետի ճանապարհը։ Կառավարության մասնաշենքի շրջակայքում մեծ քանակությամբ ոստիկանական ուժեր էին կուտակվել, նախարարության շենքի ու հարակից մի քանի շենքերի գլխին դիպուկահարներ էին տեղակայվել։

ՀՅԴ համահայկական երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Գոռ Սարգսյանն ավելի ուշ հայտարարեց, որ Փաշինյանի հանդիպումը նախատեսված էր 12:30-ին, բայց նա ժամանել է դրանից մեկ ժամ շուտ։ Ցուցարարները երթով գնացին Բաղրամյան պողոտա, որտեղ այսօր կայանալու է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։

Հայաստանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները սկսվել են նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։ Ներքաղաքական իրավիճակն ավելի սրվեց ԶՈւ գլխավոր շտաբի շուրջ ծավալված իրադարձություններից հետո։