Սյունիքում փրկարարները ձյան միջից 115 ավտոմեքենա են դուրս բերել

Ձյան և մերկասառույցի պատճառով ավտոմեքենաները մնացել են արգելափակված ու չեն կարողացել շարունակել երթևեկությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Սյունիքի մարզում` Սիսիան-Երևան հատվածի 31-33 կմ-ում, ձյան և մերկասառույցի պատճառով մի քանի տասնյակ ավտոմեքենաներ այսօր արգելափակվել են ու չեն կարողացել շարունակել երթևեկությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Պահանջում եմ Սուրենյանի հրաժարականը․ գլխավոր օդերևութաբանի հրապարակումը «կրքեր է բորբոքել»

ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնն այդ մասին ահազանգ է ստացել ժամը 15։30-ին։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ժամը 20։00-ի դրությամբ արգելափակումից դուրս են բերել 115 ավտոմեքենա:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը նաև տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում հիմա էլ կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզի «Ամբերդ» օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Սյունիքի մարզի Սիսիան-Զանգեր ավտոճանապարհը, Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են:

Լոռու, Սյունիքի մարզերի, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհներին, Արարատի մարզի Լանջառ-Վեդի, Վանաձոր-Դիլիջան քաղաքների ավտոճանապահներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։