ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը պատասխանել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի այսօրվա ասուլիսում հնչեցրած մտահոգությանը։
Գևորգյանն «Արմենպրեսին» ասել է, որ Արման Թաթոյանին կառավարության նիստերին այլևս չեն հրավիրում, քանի որ նա տևական ժամանակ գործադիրի նիստերին հրավիրվել է, բայց չի ներկայացել:
«Ինչ-որ պահից սկսած պարոն Թաթոյանը, հրավիրված լինելով հանդերձ, սկսել է չներկայանալ` իր փոխարեն ներկայացնելով ՄԻՊ աշխատակազմից այլ անձի: Այս պրակտիկան շարունակվել է տևական ժամանակ: Աշխատակազմի կողմից ՄԻՊ-ի աշխատակազմին տեղեկացվել է, որ կառավարության նիստերին հրավիրվում է մարդու իրավունքների պաշտպանը, այլ ոչ թե այլ անձ, որին հաջորդել է նիստերին պարոն Թաթոյանի համար հատկացվող տեղի մշտապես թափուր մնալը։ Այնուհետև, հաշվի առնելով կառավարության նիստերի մասնակիցների կազմի փոփոխությունը, ինչպես նաև Արման Թաթոյանի կողմից կառավարության նիստերին չմասնակցելու սեփական նախաձեռնությունը, վերջինս այլևս նիստերին չի հրավիրվել»,- ասել է վարչապետի խոսնակը:
«Իբր գերիների հետ կոպիտ եմ խոսել». Ադրբեջանը բողոք է ներկայացրել ՀՀ ՄԻՊ գրասենյակի դեմ
Գևորգյանը նաև ասել է, թե կառավարության համար անհասկանալի է Թաթոյանի հապճեպ ու մանիպուլյատիվ հայտարարությունների մոտիվացիան, քանի որ նա բոլոր հնարավորություններն ու հարթակներն ունի իր մտահոգություններն ու դիտարկումները գործադիրին ներկայացնելու համար։
Թաթոյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ պատերազմից հետո իրեն կառավարության նիստերի այլևս չեն հրավիրում։
«Մեզ տեղեկացրել էին կառավարությունից, որ այլևս ՄԻՊ–ին չեն հրավիրում կառավարության նիստերին»,– ասել էր նա։ Պաշտպանը նշել էր, որ կառավարության նիստերին երբեմն ծանրաբեռնվածության պատճառով չի մասնակցել, բայց նման դեպքերում իր փոխարեն այլ անձի է ուղարկել կառավարություն։
Թաթոյանը շեշտել էր, որ իրեն հրավիրել–չհրավիրելը կառավարության իրավունքն է, ուստի ինքը չի փորձել այդ հարցով դիմել կառավարությանը։
Հարցին, թե կառավարության այդ որոշումը պայմանավորո՞ւմ է իր գործունեության ակտիվացմամբ, Թաթոյանը հրաժարվել էր պատասխանել։