ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik, Լաուրա Սարգսյան.Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում վստահեցրեց, որ Հայաստանում ձվի պաշարները բավարար են, որպեսզի Զատկի տոնից առաջ և մոտակա երկու ամսում թանկացում չլինի, իսկ ձու գնելու սահմանափակումներն էլ արհեստական են։
Նշենք, որ վերջին օրերին առևտրային որոշ կետեր սահմանափակել են ձվի վաճառքը։ Սուպերմարկետներից մեկում անգամ նախազգուշացումով ցուցանակ է հայտնվել, որ մեկ մարդը 60 ձվից ավել չի կարող գնել։ Սպառողներն արդեն որոշել են, որ ձվի լուրջ պակաս է լինելու։
«Միության անունից հայտարարում եմ, որ արտադրողները ժողովրդին խնդրում են խուճապի մեջ չընկնել։ Մենք բավականաչափ ձու ունենք և ամեն ինչ անում ենք, որ թանկացում չլինի»,-ասաց Ստեփանյանը։
Չնայած մի շարք դժվարություններին, արտադրողներն ամեն ջանք գործադրում են, որպեսզի խուսափեն նաև գնային տատանումներից։
Ինչպես պարզաբանեց Ստեփանյանը, ձվի գինն ուղղակիորեն կախված է կոմբինացված կերի, էլեկտրականության, գազի և լոգիստիկայի գներից. կոմբիկերը թանկացել է (դրանից է կախված վերջնական գնի 60 տոկոսը), ավելացել են նաև էլեկտրաէներգիայի և տեղափոխման սակագները։ Որոշ գործոններ 2020 թ․-ի օգոստոսից հետո հանգեցրել են ձվի գնի բարձրացման։
Բենզինն ու դիզվառելիքն էլի են թանկանալու. ՏՄՊՊՀ–ն ուսումնասիրել է թանկացման պատճառները
Եթե 2019թ․-ին ձվի շուկայական գինը 2018 և 2017 թվականների համեմատ նվազել էր 9,6 դրամով` հասնելով 38-40 դրամի, ապա 2020թ․-ին միջին գինը կազմել է 46-50 դրամ և այդ մակարդակում մնացել մինչև 2021թ․-ի օգոստոսը։ Այնուհետև գները բարձրացել են` հասնելով 58-60 դրամի։
Որոշ սուպերմարկետներ գրեթե 8-10 տոկոս են ավելացնում գնին և ձուն վաճառում 70 դրամով։ Իսկ փոքր խանութներում այդ ցուցանիշը կազմում է գրեթե 20%, և ձուն վաճառվում է 80 դրամով։
«Առաջին տեսակի ձուն շուկա մտնող ընդհանուր արտադրանքի 65 տոկոսն է։ Խանութ է մտնում 58-60 դրամով, վաճառվում` 68 դրամով։ Մենք խանութներին խնդրում ենք այդքան չուռճացնել գները, առավել ևս, որ մեզ գրեթե մարժա չի մնում»,-ասաց Ստեփանյանը։
Ինչ վերաբերում է զանազան սահմանափակումներին, ապա, փորձագետի խոսքով, դրանք արհեստական բնույթ ունեն` կա՛մ Զատկից առաջ գնորդների շրջանում խառնաշփոթ առաջացնելու համար են, կա՛մ էլ որպեսզի սահմանափակեն մանր խանութների հնարավորությունները, որոնք ձուն գնում են խոշոր ցանցերից և ավելի բարձր գնով վաճառում։
Ստեփանյանը հիշեցրեց, որ ժամանակին այդպիսի «մախինացիաներով» էին զբաղվում առաքիչները։
Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանում տարեկան մոտ 700 միլիոն ձու է սպառվում։ Վերջին երկու տարում սպառման աճ է գրանցվել։ 2018թ․-ին սպառվել է 726,8 միլիոն ձու, 2019թ․-ին՝ 720,6 միլիոն, իսկ 2020-ին՝ 754,6 միլիոն։
Այս պահին երկրում մոտ 1,1 միլիոն ձու կա։
ՀՀ տնտեսությունը պահում են հանքերն ու առողջապահությունը. 2020թ–ի տնտեսական ցուցանիշները