ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. ՀՀ կառավարությունը փորձում է վերացնել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի անկախությունը կառավարությունից և ԱԺ–ում կառավարող խմբակցությունից։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն այսպես մեկնաբանեց ՀՀ կառավարության վերջին նիստում ընդունված որոշումը` ՄԻՊ աշխատակազմի ֆինանսավորումը կրճատելու մասին։
Նման որոշումը Թաթոյանը վերագրեց իր ղեկավարած կառույցի ակտիվ գործունեությանն ու բարձրացրած խնդիրներին։
«Այսուհետ խնդիրներ բարձրացնելու համար քաղաքական իշխանության մարմինները կարող են կրճատել մեր հաստատության ֆինանսավորումը»,– ասաց նա։
Թաթոյանը նաև նշեց, որ այդ որոշման մասին տեղեկացել է լրատվամիջոցներից և միայն այն ժամանակ, երբ կառավարության նիստն արդեն ընթացքի մեջ էր։ Կառավարության նիստում այն ներառված է եղել որպես չզեկուցվող հարց և ընդունվել առանց ներկայացման ու քննարկման։
Թաթոյանը հիշեցրեց, որ ՀՀ ՄԻՊ–ի մասին օրենքով ամրագրված է, որ ՄԻՊ գրասենյակին բյուջեով ամեն տարի հատկացվող ֆինանսավորման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարի հատկացված գումարի չափից։ Մինչդեռ կառավարության ընդունած որոշումը, նրա խոսքով, հակասում է օրենքի այդ դրույթին։
«Ես համարում եմ, որ սա խտրական նախագիծ է և միայն ՄԻՊ գործունեությունը սահմանափակելուն է ուղղված»,– ասաց Թաթոյանը` հավելելով, որ իրենք ուսումնասիրել են պետական այլ մարմինների գործունեությունն ու պարզել, որ դրանցում կան այնպիսիք, որ մեկից մինչև մի քանի միլիարդի հասնող տարեկան ֆինանսավորում են ստանում։ Թե որոնք են, պաշտպանը չցանկացավ անուններ հնչեցնել, բայց շեշտեց, որ խոսքը կրթության կամ առողջապահության նախարարությունների մասին չէ, այլ կառավարությունից անկախ մարմինների։
Մինչդեռ ՄԻՊ բյուջեն, Թաթոյանի խոսքով, այս պահին կազմում է 532 մլն 480 հազար դրամ։
«Խիստ զգուշացնում եմ». Արման Թաթոյանը պատասխանել է իմքայլական պատգամավորներին
Ասուլիսի ընթացքում պաշտպանը նշեց նաև, որ որոշ ժամանակ առաջ կառավարությունը ՄԻՊ գրասենյակից որոշեց հետ վերցնել նաև 11 ծառայողական ավտոմեքենաներից 8-ը, որոնց մեծ մասն, ի դեպ, գնված է ոչ թե պետական, այլ ԵՄ–ի հատկացրած միջոցներով։ Թաթոյանի խոսքով` երկար բանակցություններից հետո որոշվեց հետ վերցնել միայն 3-ը։
Նշենք, որ կառավարության ընդունած որոշմամբ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» 2016 թվականին ընդունված սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, որով էլ ամրագրված է, որ ՄԻՊ գրասենյակի ֆինանսավորումը չի կարող ցածր լինել նախորդ տարվա բյուջեով հատկացված չափից։
Նշենք նաև, որ նույն որոշմամբ կառավարությունը համարժեք փոփոխություններ է առաջարկում նաև «Գիտական և գիտատեխնիկական գործունեության», «Կրթության մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» «Հարկային օրենսգրքում», «Տեսալսողական մեդիայի մասին», «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» և «Պետական գույքի կառավարման մասին» օրենքներում:
«Բումերանգի օրենքն» արդարացում չէ. Թաթոյանը դատապարտող հայտարարություն է արել