ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, հանդիպումը տեղի է ունեցել Սարգսյանի նախաձեռնած քննարկումների շրջանակում:
«Նախագահը և վարչապետը քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը, այն հանգուցալուծելու և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները: Այդ համատեքստում որպես լուծում անդրադարձ է կատարվել խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ Արմեն Սարգսյանն ընդդիմադիր ուժերին ու Նիկոլ Փաշինյանին առաջարկել էր հանդիպել նախագահական նստավայրում։
Երեկ հայտնի դարձավ, որ այդ ձևաչափով հանդիպում չի կայանա։ Նախագահի մամուլի ծառայությունը հայտարարեց` քանի որ հանդիպման հրավիրվածներից «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցություններն ընդունել են հրավերը, «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը և Հայրենիքի փրկության շարժումը հանդիպման համար առաջարկել են իրենց օրակարգն ու պայմաններ ներկայացրել, այս պահին մեկ սեղանի շուրջ հանդիպման ձևաչափը դառնում է անիրագործելի։
Այսօր առավոտյան ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը հայտարարեց, որ Սարգսյանն իր նախաձեռնած քննարկումների շրջանակում կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: