ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Իմ քայլի» ղեկավար Լիլիթ Մակունցի հետ

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման հարցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ։ Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, հանդիպումը տեղի է ունեցել խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ նախագահի նախաձեռնած քննարկումների շրջանակում։

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը, այն հանգուցալուծելու և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները:

«Այդ համատեքստում կարևորվել է քաղաքական ուժերի միջև երկխոսությունը և փոխհամաձայնության ձեռքբերումը խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ»,– ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ Արմեն Սարգսյանն ընդդիմադիր ուժերին ու Նիկոլ Փաշինյանին առաջարկել էր հանդիպել նախագահական նստավայրում։

Երեկ հայտնի դարձավ, որ այդ ձևաչափով հանդիպում չի կայանա։ Նախագահի մամուլի ծառայությունը հայտարարեց` քանի որ հանդիպման հրավիրվածներից «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցություններն ընդունել են հրավերը, «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը և Հայրենիքի փրկության շարժումը հանդիպման համար առաջարկել են իրենց օրակարգն ու պայմաններ ներկայացրել, այս պահին մեկ սեղանի շուրջ հանդիպման ձևաչափը դառնում է անիրագործելի։

Այսօր առավոտյան ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը հայտարարեց, որ Սարգսյանն իր նախաձեռնած քննարկումների շրջանակում կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: