ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Գյումրում դանակահարված տղամարդը ռուսական 102–րդ ռազմակայանի զինծառայող չէ։ Հայաստանի քննչական կոմիտեն ներկայացնում է մարտի 10-ին տեղի ունեցած դեպքի մանրամասները։
Shamshyan.com–ն այսօր հայտնել էր, որ դիմակավորված անձը հարձակվել է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի ծառայողի ու նրա կնոջ վրա։
Ըստ քննչական կոմիտեի հաղորդագրության` մարտի 10-ին`ժամը 21:33-ին, Գյումրի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերք՝ բարակ աղիքի միջընդերքի վնասումով, հեմոպերիտոնեիում, կրծքավանդակի ձախ կեսի առաջնային մակերեսի 4-րդ միջկողային շրջանի թափանցող, ձախ բազկի վերին երրորդի կտրած, ձախ անոթափոսի կտրած, աջ նախաբազկի կտրած վերքեր, պնևմոթորաքս ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Գյումրի քաղաքի բնակիչ:
«Պարզվել է, որ տղամարդը հանդիսանում է ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացի, Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի աշխատակից (փականագործ)՝ ծնված 1981թ»,– նշում է ՔԿ–ն։
Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով: Տղամարդը ճանաչվել է տուժող:
Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջինս նշված վնասվածքները ստացել է 2021թ. մարտի 10-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, իր տան բակում դիմակավորված անձի հետ տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ:
Պարզվել է նաև, որ նույն օրը տեղի ունեցած միջադեպի ընթացքում հանցագործի հետ քաշքշուկի և ծեծկռտուքի արդյունքում ձախ դաստակի և ճաճանչ-դաստակային հոդի շրջանի բազմաթիվ կտրած վերքերի, 3-րդ և 4-րդ մատների ծալվող ջլերի վնասումով մարմնական վնասվածքներ է ստացել նաև 1981թ. ծնված տղամարդու կինը. վերջինս նույնպես ճանաչվել է տուժող:
Դանակահարություն Երևանում. պատճառը sms-հաղորդագրություններն են
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: