Ցուցարարներին չհաջողվեց փակել ճանապարհը. նրանք սուլոցներով ուղեկցեցին Նիկոլ Փաշինյանին

Մինչ վարչապետի ժամանելը ոստիկանության ուժերը փակել էին ցուցարարների ուղին Բաղրամյան–Դեմիրճյան–Սիլվա Կապուտիկյան փողոցների խաչմերուկում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Հայրենիքի փրկության շարժման կազմակերպած ակցիայի մասնակիցներին չհաջողվեց փակել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման գնացող Նիկոլ Փաշինյանի ճանապարհը։ Բայց երբ ՀՀ վարչապետի ավտոշարասյունն անցավ այդ հատվածով, Բաղրամյան պողոտայում հավաքվածները սուլեցին ու վանկարկեցին. «Ամոթ, ամոթ»։

Նշենք, որ մինչ Փաշինյանի ժամանելը ոստիկանության ուժերը փակել էին ցուցարարների ուղին Բաղրամյան–Դեմիրճյան–Սիլվա Կապուտիկյան փողոցների խաչմերուկում` թույլ չտալով բողոքի ակցիայի մասնակիցներին հատել խաչմերուկն ու հասնել նախագահի նստավայր։

Այդ ընթացքում Փաշինյանի ավտոշարասյունը Պռոշյան փողոցից մուտք գործեց Բաղրամյան պողոտա, այնտեղից էլ`Սիլվա Կապուտիկյան փողոց` դեպի նախագահական նստավայրի հետնամուտք։

«Թեև այս պահին նա սողոսկել, մտել է նախագահական, բայց այս պատկերը, այս վիճակը շարունակելու է նրան ուղեկցել ցանկացած տեղ` կառավարական առանձնատնից ու կառավարության շենքից դուրս գալիս ու ցանկացած այլ շինություն այցելելիս։ Մենք նրան միշտ հիշեցնելու ենք` ինքը ով է»,– ասաց ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը։

Ակցիայի մասնակիցները նաև հայտարարեցին, որ մնալու են տեղում, մինչև Փաշինյանը դուրս գա նախագահի նստավայրից։

Հիշեցնենք` Հայրենիքի փրկության շարժման համակիրներն այսօր հավաքվել էին ՀՀ կառավարության 2-րդ մասնաշենքի դիմաց՝ խոչընդոտելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը ԱԳՆ շենք։

Ոստիկանությունը շրջափակել է ԱԳՆ շենքը, որպեսզի ընդդիմությունն ակցիա չանցկացնի. տեսանյութ

Բանն այն է, որ Փաշինյանը մարտի 2-ին` Դիվանագետի օրը, խախտելով ՀՀ գործադիր իշխանությունում ձևավորված ավանդույթը, ԱԳՆ չէր այցելել։ Փոխարենը նա որոշել է ԱԳՆ աշխատակիցների հետ հանդիպել այսօր։ Ընդդիմությունն էլ նախապես հայտարարել էր, որ փորձելու է փակել վարչապետի ճանապարհը։ Կառավարության մասնաշենքի շրջակայքում մեծ քանակությամբ ոստիկանական ուժեր էին կուտակվել, նախարարության շենքի ու հարակից մի քանի շենքերի գլխին դիպուկահարներ էին տեղակայվել։

ՀՅԴ համահայկական երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Գոռ Սարգսյանն ավելի ուշ հայտարարեց, որ Փաշինյանի հանդիպումը նախատեսված էր 12:30-ին, բայց նա ժամանել է դրանից մեկ ժամ շուտ։ Ցուցարարները երթով գնացին Բաղրամյան պողոտա, որտեղ այսօր կայանալու է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։

Հայաստանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները սկսվել են նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։ Ներքաղաքական իրավիճակն ավելի սրվեց ԶՈւ գլխավոր շտաբի շուրջ ծավալված իրադարձություններից հետո։