Արմեն Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանը հանդիպել են

Նախագահ Արմեն Սարգսյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի հետ քննարկել է երկրում ստեղծված իրավիճակը և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ իր նախաձեռնած քննարկումների շրջանակում այսօր հանդիպել է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

«Քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները: Այդ համատեքստում կարևորվել են երկխոսությունը քաղաքական ուժերի միջև և, իբրև իրավիճակի հանգուցալուծում, խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ Արմեն Սարգսյանն ընդդիմադիր ուժերին ու Նիկոլ Փաշինյանին առաջարկել էր հանդիպել նախագահական նստավայրում։

Երեկ հայտնի դարձավ, որ այդ ձևաչափով հանդիպում չի կայանա։ Նախագահի մամուլի ծառայությունը հայտարարեց` քանի որ հանդիպման հրավիրվածներից «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցություններն ընդունել են հրավերը, «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը և Հայրենիքի փրկության շարժումը հանդիպման համար առաջարկել են իրենց օրակարգն ու պայմաններ ներկայացրել, այս պահին մեկ սեղանի շուրջ հանդիպման ձևաչափը դառնում է անիրագործելի։