Արցախը չի հրաժարվում Հադրութից. ԱՀ նախագահը խոսել է կորցրած տարածքները հետ բերելու մասին

Արայիկ Հարությունյանը տեղյակ է ադրբեջանական նոր հարձակման հավանականության մասին լուրերից և վստահեցնում է` դրանք ապատեղեկատվություն են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Արցախի Հանրապետությունը չի հրաժարվում Հադրութի շրջանից։ Արցախի հանրային հեռուստաընկերության փոխանցմամբ` Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այդ մասին ասել է Հադրութի գյուղերից տեղահանված բնակիչների հետ հանդիպմանը։

«Մենք չենք հրաժարվում Հադրութի շրջանից: Մեր պայքարը շարունակվելու է։ Իհարկե, խաղաղ ճանապարհով, բանակցային եղանակով, որպեսզի մենք կարողանանք հետ բերել գոնե ԼՂԻՄ-ի տարածքները»,- ասել է նա:

Արցախի նախագահը նշել է, որ տեղյակ է ադրբեջանական նոր հարձակման հավանականության մասին լուրերից։ Նա վստահեցրել է, որ դրանք ընդամենը ապատեղեկատվություն են։

Արցախը շարունակելու է ունենալ զինված ուժեր․ Վիտալի Բալասանյան

«Ռուս խաղաղապահների ներկայությունն այստեղ որևէ կասկածի տեղ չպիտի տա, և երկարաժամկետ խաղաղությանը որևէ մեկը չի կասկածում»,– ասել է Հարությունյանը։

Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև տեղահանվածներին ժամանակավոր կացության պայմաններով ապահովելու հարցը` հաշվի առնելով, թե որ համայնքը որտեղ է ուզում հաստատվել։

Հարությունյանը հադրութցիներին նաև հայտնել է, որ Հայաստանի տարածքում ժամանակավորապես բնակություն հաստատած արցախցիների սոցիալական խնդիրների լուծմանն աջակցելու հարցով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Մեր պարտության ամենամեծ պատճառն այն էր, որ բանակը պատրաստ չէր․ Արայիկ Հարությունյան