ՌԱԴԻՈ

ԱՄՆ–ն կկարողանա՞ լռեցնել Ալիևին. Հայ դատի հանձնախումբը նոր բանաձև է պատրաստել

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի մամուլի քարտուղար Եղիսաբեթ Չուլջյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` նախորդ շաբաթվա ընթացքում հնչեցրած սպառնալիքներին և հանձնախմբի աշխատանքներին։
Sputnik
ԱՄՆ–ն կկարողանա՞ լռեցնել Ալիևին. Հայ դատի հանձնախումբը նոր բանաձև է պատրաստել

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը դիմել է ԱՄՆ նախագահին, արտգործնախարարին, որ ավելի ակտիվ հետևեն թշնամական Ադրբեջանի ղեկավարի հայտարարություններին և գոնե այս անգամ լռեցնեն նրա` Սյունիքը գրավելու մասին հոխորտանքները։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի մամուլի քարտուղար Եղիսաբեթ Չուլջյանը։

«Ի տարբերություն սեպտեմբերի, երբ ամերիկյան կառավարությունն ընդհանրապես բացակա էր դիվանագիտական աշխատանքներում, երբ Թուրքիան և Ադրբեջանը հարձակվեցին Հայաստանի վրա, այս անգամ անհրաժեշտ է նախազգուշական աշխատանք տանել և հստակ ազդանշան ուղարկել Ադրբեջանի կառավարությանը, որ ռազմական գործողությունների մասին խոսք անգամ չի կարող լինել»,- ասաց նա։

Նրա խոսքով` ամերիկյան վարչախումբը` որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր, պետք է ակտիվություն ցուցաբերի հարցում. լռել են պատերազմի ժամանակ, լռեցին նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելու ժամանակ, հիմա արդեն ժամանակն է, որ պաշտպանեն Արցախի ժողովրդի իրավունքները և մասնակից լինեն Արցախի վերականգման ու փախստականների վերադարձի աշխատանքներում։ Իսկ Հայ դատի հանձնախումբն էլ փորձում է ամեն ինչ անել, որ առկա մտահոգությունները հասնեն տեղ։

Հակառակորդ երկրի ղեկավարը սպառնում է նվաճել Զանգեզուրը․ ԵԿՄ-ն սթափության կոչ է անում

«Կարևոր է, որ ԱՄՆ կառավարությունը հստակ քայլեր անի Ադրբեջանի նկատմամբ ոչ միայն այս սպառնալիքների վերաբերյալ, այլ նաև պատերազմի ընթացքում կատարված ոճրագործությունների համար»,- նշեց Չուլջյանը։

Նա ընդգծեց, որ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն առաջիկա շաբաթվա ընթացքում պատրաստվում է հայ գերիների վերաբերյալ նոր բանաձև ներկայացնել Ներկայացուցիչների պալատ, որպեսզի ԱՄՆ կառավարությունն ավելի ակտիվ դերակատարում ունենա նրանց վերադարձի հարցում։

Հիշեցնենք` Ամերիկայի Հայ դատի գրասենյակը Twitter-ի միկրոբլոգում տեղեկացրել էր, որ դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և պետքարտուղար Էնթոնի Բլինկենին` զգուշացնելով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Սյունիքի մարզի վրա սպասվող հարձակման մասին:

Ադրբեջանի նախագահը, ելույթ ունենալով Տնտեսական համագործակցության կազմակերպությունների համաժողովում, ասել էր, որ տրանսպորտային նոր միջանցքն անցնելու է Ադրբեջանի պատմական տարածքով՝ Զանգեզուրով, և միացնելու է Ադրբեջանի հիմնական մասը երկրի անբաժան մաս հանդիսացող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Թուրքիայի հետ։

Պակիստանն Արցախի հարցում հիասթափեցրեց Իլհամ Ալիևին