Վարչապետի և ընդդիմադիր ուժերի հանդիպումը նախագահականում չի կայանա

Մեկ սեղանի շուրջ հանդիպման ձևաչափն անիրագործելի է, քանի որ հրավիրյալ ուժերից մի քանիսն իրենց օրակարգն են առաջարկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ընդդիմադիր ուժերի հանդիպումը նախագահականում չի կայանա։ Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։ Նախատեսվող հանդիպման չեղարկման պատճառն այն է, որ ոչ բոլոր հրավիրյալ ուժերն են համաձայնել հանդիպել։

ԲՀԿ–ն վարչապետի թեկնածու չի առաջադրի․ Գագիկ Ծառուկյան

«Հաշվի առնելով, որ մարտի 13-ին հանրապետության նախագահի նստավայր հանդիպման հրավիրվածներից «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցություններն ընդունել են հրավերը, «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը և Հայրենիքի փրկության շարժումը հանդիպման համար առաջարկել են իրենց օրակարգն ու պայմաններ ներկայացրել, այս պահին մեկ սեղանի շուրջ հանդիպման ձևաչափը դառնում է անիրագործելի»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ընդգծվում է, որ նախագահը շարունակելու է իր ջանքերը և պատրաստ է առանձին հանդիպումներ ունենալ ինչպես հրավիրվածների, այնպես էլ Ազգային ժողովի խմբակցություններում չընդգրկված պատգամավորների և արտախորհրդարանական տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:

Հանդիպումները հնարավորություն կտան լսել բոլորի տեսակետները և դրանց հիման վրա ձևավորել աշխատանքային օրակարգ:

«Հանրապետության նախագահը վերահաստատում է իր այն համոզմունքը, որ տարաձայնությունների կարգավորման միակ ուղին բանակցություններն ու երկխոսությունն են և պետք է անել ամեն ինչ` երկիրը զերծ պահելու ցնցումներից»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ նախագահն առաջարկել էր ընդդիմադիր ուժերին ու Նիկոլ Փաշինյանին հանդիպել նախագահականում։ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբկցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ ինքը համաձայն է Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանի հայտնած տեսակետի հետ՝ հանդիպմանը կհամաձայնեն, եթե այն անցկացվի իրենց օրակարգով՝ Ազգային ժողովի նիստերի դահլիճում և ուղիղ հեռարձակմամբ։ Ընդգծում է՝ իրենք հանրությունից թաքցնելու բան չունեն։

Լևոն Տեր-Պետրոսյանը գնահատում է նախագահ Արմեն Սարգսյանի քայլը

«Նախագահը հրավերն ուղարկել է մեզ, բայց տվյալ հրավերի մեջ ծրագրային պարզաբանում, թե ինչի մասին պետք է խոսենք, չկա․․․Եթե հարցադրումները կդնի, կետերը կդնի, ծրագիրը, որ այս հարցն է, այս հարցն է, կհանդիպենք, կքննարկենք՝ կասենք․․․»,- նշել էր Ծառուկյանը։

Նա հավելել էր, որ հակառակ դեպքում հանդիպման մեջ իմաստ չի տեսնում։