ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Թուրքիայի Իգդիր քաղաքի մոտակայքում այսօր երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել է նաև Հայաստանում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
«Տեղական ժամանակով ժամը 09:57-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Իգդիր քաղաքից 34 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 3.8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ»,– նշված է հաղորդագրության մեջ
Երկրաշարժը զգացվել է Արմավիրի մարզի Վարդանաշեն և Ջանֆիդա գյուղերում` 2-3 բալ ուժգնությամբ, և Երևան քաղաքում` 2 բալ ուժգնությամբ:
Նշենք, որ երեկ երկրաշարժ էր գրանցվել նաև Իրանում, ցնցումները զգացվել էին Սյունիքում։