Ծառուկյան-Փաշինյան հանդիպումը կկայանա

Նախագահի հրավիրած եռակողմ հանդիպմանը կհամաձայնեն միայն այն դեպքում, եթե հանդիպումն ուղիղ եթերում հեռարձակվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի - Sputnik. Փաշինյան-Ծառուկյան երկկողմ հանդիպումը կկայանա։ Hraparak.am-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը լրատվամիջոցների հետ հարցազրույցի ժամանակ։

«Իմ տեսակետները չեն փոխվել, վարչապետը պետք է հրաժարական տա, և պետք է շուտափույթ տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Մնացածը՝ կհանդիպենք Փաշինյանի հետ, ինքն էլ իր տեսակետը կասի»,-ասել է Ծառուկյանը՝ անդրադառնալով հանդիպման օրակարգային հարցերին։

Փաշինյանի համար իր աթոռից թանկ բան չկա. Սաղաթելյանը` ընտրությունների կեղծման վտանգի մասին

ԲՀԿ-ի առաջնորդի կարծիքով՝ սպասվող հանդիպումն առաջիկա օրերին կլինի։ Խոստանում է՝ հանդիպման մասին հանրությունը կիմանա հենց իրենցից, այլ ոչ թե «պատերի տակի խոսակցություններից»։ Ընդգծում է՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է քայլ կատարել։

Ծառուկյանը խոսել է նաև նախագահ Արմեն Սարգսյանի հրավիրած եռակողմ հանդիպման մասին։

Հիշեցնենք՝ նախագահն առաջարկել էր ընդդիմադիր ուժերին ու Նիկոլ Փաշինյանին հանդիպել նախագահականում։ Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ ինքը համաձայն է Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանի հայտնած տեսակետի հետ՝ հանդիպմանը կհամաձայնեն, եթե այն անցկացվի իրենց օրակարգով՝ Ազգային ժողովի նիստերի դահլիճում և ուղիղ հեռարձակմամբ։ Ընդգծում է՝ իրենք հանրությունից թաքցնելու բան չունեն։

Լևոն Տեր-Պետրոսյանը գնահատում է նախագահ Արմեն Սարգսյանի քայլը

«Նախագահը հրավերն ուղարկել է մեզ, բայց տվյալ հրավերի մեջ ծրագրային պարզաբանում, թե ինչի մասին պետք է խոսենք, չկա․․․Եթե հարցադրումները կդնի, կետերը կդնի, ծրագիրը, որ այս հարցն է, այս հարցն է, կհանդիպենք, կքննարկենք՝ կասենք․․․»,- նշում է Ծառուկյանը։

Նա հավելում է, որ հակառակ դեպքում հանդիպման մեջ իմաստ չի տեսնում։