«Քաղաքատեղի Արտաշատ» հուշարձանի տարածքում ուրարտական պարսպապատ է փլվել

Նշվում է, որ ուրարտական ժամանակաշրջանի աղյուսե պարսպապատի փլուզման պատճառը առատ տեղումներն են։
Sputnik

 

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի– Sputnik. Արարատի Լուսառատ համայնքում գտնվող «Քաղաքատեղի Արտաշատ» հուշարձանի տարածքում ուրարտական պարսպապատ է փլվել։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

««Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Արարատի մարզային ծառայության աշխատակիցները Լուսառատ համայնքի «Քաղաքատեղի Արտաշատ» հուշարձանի տարածք կատարած շրջայցի ընթացքում արձանագրել են, որ առատ տեղումների հետևանքով, տեղ-տեղ փլուզվել է ուրարտական աղյուսե պարսպապատը»,–ասված է հաղորդագրության մեջ:

Մարզային ծառայության պետ Ռոման Կարապետյանը ահազանգել է ՊՈԱԿ։

Արտաշատը Հայաստանի հին մայրաքաղաքներից է (մ. թ. ա. II – մ. թ. IV դդ.): Կառուցել է Հայոց Արտաշես I թագավորը մ. թ. ա. 180-170-ական թթ. և իր անունով անվանել Արտաշատ (հունարեն`Արտաքսատա): Հիշատակվում է հունահռոմեական աղբյուրներում, հայ մատենագրության մեջ: Ժամանակագիրները Արտաշատ մայրաքաղաքի մասին գրում են «թագավորանիստ քաղաք», «մեծ ու խիստ գեղեցիկ քաղաք», «Հայաստանի Կարթագեն»: Արհեստագործության, առևտրի, հայկական հելլենիստական մշակույթի խոշոր կենտրոններից էր:

Պեղումներից հայտնաբերվել են հելլենիստական ժամանակաշրջանի ճարտարապետական հուշարձանների բազմաթիվ մնացորդներ, ինչպես նաև մշակույթի և արվեստի եզակի նմուշներ: Բացվել են բնակելի շինությունների և արհեստանոցների համալիրներ, հեթանոսական տաճար, մոնումենտալ կառույցների մանրամասեր, ուշ անտիկ շրջանի բաղնիքներ: