«Պատրոն Դավոյի» գործով պաշտոնյաներ են հարցաքննվել. «Ժողովուրդ»

Պաշտպանը չի ցանկացել անուններ հայտնել, բայց թերթը պարզել է, թե ով է եղել հարցաքննության հրավիրվածներից մեկը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. ՊՆ–ին անորակ զենք մատակարարելու գործով կալանավորված Դավիթ Գալստյանին (Պատրոն Դավո) առնչվող քրեական գործով ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք են հրավիրվել ԱԱԾ և հարցաքննվել: Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը` նշելով, որ դա իրենց հետ զրույցում հաստատել է նաև Դավիթ Գալստյանի պաշտպան Արմեն Հարությունյանը, սակայն նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ չի ցանկացել անուններ տալ:

«Պատրոն Դավոն» վստահեցնում է` Տոնոյանի խորհրդականը չի եղել. նա հայտարարություն է տարածել

«Ժողովուրդ» օրաթերթին, այնուամենայնիվ, հաջողվել է իր աղբյուրներից պարզել, որ ԱԱԾ-ն հարցաքննության է հրավիրել նաև ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանին, քանի որ նա եղել է զենքերի գնման հանձնաժողովի կազմում:

Պաշտպան Արմեն Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել է, որ այս ընթացքում Դավիթ Գալստյանը մի քանի անգամ ցուցմունքներ է տվել ԱԱԾ-ում և ասել՝ չի ընդունում մեղադրանքը: Հարությունյանի խոսքով՝ իրենք առաջիկայում Դավիթ Գալստյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու մասով պատրաստվում են դիմել ՀՀ վճռաբեկ դատարան:

Հիշեցնենք`Դավիթ Գալստյանը  ձերբակալվել էր փետրվարի 1-ին, իսկ փետրվարի 2–ին` կալանավորվել։ ՀՀ ԱԱԾ–ն տեղեկացրել էր, որ արտերկրում գրանցված «Mosston Engineering» ընկերության խորհրդի նախագահ Դավիթ Գալստյանը, նախնական համաձայնության գալով նույն ընկերության տնօրեն Ա.Բ.-ի հետ, 2018 թվականի ընթացքում ՊՆ–ին է մատակարարել 1983-1986թթ. արտադրության հրանոթի անորակ արկեր, որոնցով, ըստ ԱԱԾ–ի, հնարավոր չի եղել լուծել մարտական խնդիրներ, բայց որոնց դիմաց Գալստյանը 1.083.000 ԱՄՆ դոլար գումար է ստացել:

Դավիթ Գալստյանն իր հերթին հայտարարություն էր տարածել` նշելով, որ իրականում մատակարարվել է պայմանագրով նախատեսված տեսականուն և տարեթվերին արտադրված զինամթերք, ինչի ապացույցները խոստացել է ներկայացնել ապագայում։

«Պատրոն Դավոյի» կարծիքով` իրեն փորձում են տեղավորել պարտության մեղավորների թոփ հնգյակում