Նախագահ Արմեն Սարգսյանը վերադարձել է բնականոն աշխատանքային ռեժիմի

Կորոնավիրուսի հետևանքով նախագահ Սարգսյանի առողջական վիճակում որոշակի բարդություններ էին առաջացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի - Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն արդեն ավարտել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում հետազոտությունները։ Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

«Նախագահն արդեն ավարտել է հետազոտությունները և անցել սովորական աշխատանքային ռեժիմի»,- նշված է հաղորդագրության մեջ։

Լևոն Տեր-Պետրոսյանը գնահատում է նախագահ Արմեն Սարգսյանի քայլը

Ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը հայտնել էր, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Աստղիկ» բուժկենտրոն է այցելել հետազոտություններ անցնելու համար։ Նա տեղեկացրել էր, որ կորոնավիրուսը նախագահի մոտծանր ընթացք էր ունեցել, ինչի հետևանքով էլ բարդություններ են առաջացել։

Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող ստենդավորման մասին լուրերին, Պետրոսյանի խոսքով, նման խնդիր չկա։

Հիշեցնենք՝ հունվարի 5-ին հայտնի դարձավ, որ Լոնդոնում գտնվող Արմեն Սարգսյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել, որն ընթանում է բարդություններով ու հիվանդությանը հատուկ ախտանշաններով։

Նախագահը մեկուսացել էր ու բուժում էր ստանում տանը` բժիշկների հսկողության տակ` միևնույն ժամանակ հեռավար աշխատելով։ Հունվարի 13-ին հայտնի դարձավ, որ նա տեղափոխվել է հիվանդանոց։ Կորոնավիրուսով վարակվել էր նաև նախագահի կինը՝ Նունե Սարգսյանը։

Սարգսյանները Երևան վերադարձան փետրվարին։