Ճանապարհորդելն ավելի հարմարավետ կդառնա. ՀԿԵ–ն 27 նոր վագոն ու 2 նոր գնացք է շահագործելու

Հայաստան բերվող 27 ուղևորատար նոր վագոնները սպասարկելու են Հայաստանի և Վրաստանի միջև միջազգային ուղևորափոխադրումները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը պայմանագիր է կնքել ռուսական «Տրանսմաշխոլդինգ» ԲԸ հետ, համաձայն որի` 2021 թվականին ձեռք է բերվելու միջազգային և ներհանրապետական ուղևորափոխադրումների իրականացման համար նախատեսված նոր շարժակազմը:

Հարավկովկասյան երկաթուղին շահագործման է հանձնել 70 նոր կիսավագոններ

Ինչպես հայտնում են ՀԿԵ–ից, պայմանագրի շրջանակում Հայաստան են մատակարարվելու 27 ուղևորատար վագոններ, որոնք սպասարկելու են Հայաստանի և Վրաստանի միջև միջազգային ուղևորափոխադրումները: Դրանցից 16-ը կուպե վագոններ են, 5-ը` ննջավագոններ, 6-ը` պլացքարտ:

Բացի այդ, հոլդինգը ՀԿԵ-ին կմատակարարի երկու երկվագոնանոց ԷՊ2Դ նոր էլեկտրագնացքներ: Նմանատիպ գնացքները Հայաստանում բավականին արդյունավետ շահագործվում են 2017-2018 թվականներից: Նոր ուղևորատար վագոնները բերվելու են 2021-ի մայիս-հունիսին, իսկ նոր էլեկտրագնացքները՝ մինչև օգոստոսի 1-ը:

Ընկերությունը հայտնում է, որ նոր շարժակազմը «Տրանսմաշխոլդինգի» ամենաժամանակակից սերիական արտադրանքն է: Վագոններում հնարավոր է տեղադրել վաճառքի ավտոմատներ և սուրճի ապարատներ: Վագոնները հագեցած են զուգարանային համալիրներով` ցնցուղախցիկներով և խմելու ջրի ապարատներով: Ուղևորատար վագոնների բոլոր տեղերը հագեցած են էլեկտրական վարդակներով ու USB միակցիչներով: 61-4517 մոդելի վագոնների երկտեղանոց կուպեներում կտեղադրվեն հեռուստացույցներ: ՀԿԵ-ի ցանկություններին համապատասխան, վագոններում կկիրառվի հատուկ գունային գամմա:

ԷՊ2Դ էլեկտրագնացքները հագեցած են անվտանգության պասիվ համակարգերով, հատուկ միկրոկլիմայի ապահովման համակարգով, օդի ախտահանման մոդուլներով և էկոլոգիապես մաքուր զուգարանային սարքավորումներով:

Հայաստան մատակարարվող շարժակազմը համապատասխանում է Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված ուղևորափոխադրումների հարմարավետության և անվտանգության բոլոր պահանջներին, ինչպես նաև կարող է շահագործվել Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի տարածքում: