ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. ՀՀ Կենտրոնական բանկը թղթակցային հաշիվ է բացել և միացել է Եվրասիական զարգացման բանկի հաշվարկային ենթակառուցվածքին, հայտնում է ԵԱԶԲ մամուլի ծառայությունը։
«ԵԱԶԲ հաշվարկային համակարգի օգտագործումը Հայաստանի Հանրապետության գլխավոր ֆինանսական հաստատությանը թույլ կտա վճարումներ կատարել Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի ազգային արժույթներով, այդ թվում՝ դրանց ուղղակի փոխարկմամբ: Հասանելիությունը ԵԱԶԲ վճարային ենթակառուցվածքին մեծացնում է գործարքների անվտանգությունը՝ ազգային վճարային համակարգերի միջոցով դրանց իրականացման հաշվին, նվազեցնում է միջնորդ բանկերի քանակը և գործարքի ծախսերը»,-ասել է ԵԱԶԲ վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը։
Ընդհանուր առմամբ, ԵԱԶԲ հաշվարկային համակարգի օգտագործումը նպաստում է Հայաստանի ազգային վճարային ենթակառուցվածքի ինտեգրմանը ԵԱՏՄ անդամ մյուս երկրների վճարային ենթակառուցվածքներին:
ԵԱԶԲ-ն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի ազգային վճարային համակարգերի մասնակից է և թղթակցային հաշիվներ ունի բոլոր մասնակից երկրների կենտրոնական բանկերում, ուղիղ հասանելիություն ունի տեղական բորսաներում արժույթի առևտրին, կատարում է ազգային արժութային զույգերով շուկա ձևավորողի գործառույթը: